Հարց ու զրույց Սյու Զենի հետ․ Անկախ տարիքից և հանգամանքներից մարդը պետք է երազի

Մեր  հաջորդ  հյուրը  երիտասարդ  գրող  Սյու   Զենն  է։Նա  երիտասարդ  գրող  է,  ապագա  դիզայներ-նկարիչ,  ինչպես  նաև՝  լուսանկարիչ։Կարճ  ասած՝  մարդ,  ով  նվիրված  է  արվեստին։
-Սյու Զեն, երբվանի՞ց եք սկսել գրելը։Ի՞նչ թեմաներով եք սիրում ստեղծագործել։
-Գրում եմ մանկուց, բայց եկավ մի պահ, երբ դեն նետեցի բոլոր գրվածքներս։ Դրանից հետո երկար տարիներ ոչինչ չեմ գրել։ Բայց արդեն մի քանի ամիս է ինչ վերսկսել եմ գրելը։ Սիրում եմ գրել մարդկային արժեքների մասին։

-Առհասարակ կա՞ որևէ գործոն, որը Ձեզ մշտապես մղում է գրել հերթական ստեղծագործությունը։

-
Կյանքն է ինձ մոտիվացնում։ Կյանքը և կյանքին հակառակվելը, ինչպես նաև նպատակներս։ Բայց ոգեշնչվել կարող եմ ամեն հավանական և անհավանական մանրուքից։

-Ինչպես կմեկնաբանեք Ձեր այս խոսքը․<<Չկա ավելի խորը զգացում, քան սիրահարված լինելն է արվեստին>>:
-Արվեստագետները ստեղծում են Արվեստը, որն էլ իր հերթին մարդկանց մեջ  ստեղծում է ՄԱՐԴՈՒՆ։ Սիրելով Արվեստը՝ մենք սկսում ենք ամեն ինչ սիրել յուրովի՝ նոր գույներով։
Ստեղծագործելու համար մարդը պետք է սիրահարված լինի(կապ չունի ում կամ ինչին)։Եվ առհասարակ, մարդը պետք է միշտ սիրահարված լինի։ Օրինակ ես հոգուս ամեն մասնիկով սիրահարված եմ Արվեստին և փորձում եմ իմ այդ սիրով վարակել մարդկանց։

-Որքանով մեզ հայտնի է, Դուք Հայաստանում չեք բնակվում, բայց դա էլ չի խանգարում, որ Ձեր ստեղծագործությունները գրվեն մաքուր հայերենով ու հենց հայերի համար։Հետաքրքիր է, երբևէ մտածե՞լ եք ստեղծագործել ռուսերենով կամ այլ լեզվով։
-Այո՛, ես արդեն 2 տարի ապրում եմ Ռուսաստանի դաշնությունում։ Բոլոր ժամանակների ամենագեղեցիկ լեզուն հայերենն է։ Ճիշտ է կան լեզուներ, որոնք ես շատ եմ սիրում, բայց անկախ ամեն ինչից ինձ հարազատ միակ լեզուն իմ մայրենին է։
Չեմ կարծում, որ օտար լեզվով կստեղծագործեմ երբևիցե, բայց ինչպես ասում են ՝ երբեք մի ասա երբեք։Կյանքը չի դադարում զարմացնել։

-Ունե՞ք հրապարակած գիրք/գրքեր։Եթե չկան, ապա գոնե մոտ ապագայում կլինե՞ն։
-Դեռևս գրած գիրք չունեմ, բայց գրելու մտադրություն անշուշտ կա և ամենևին չի բացառվում մոտ ապագայում գիրք հրապարակելը։

-Ինչպե՞ս եք վերաբերվում ժամանակակից գրողներին։Հիմնականում ո՞ր թեմաներն են կրկնվող նրանց ու Ձեր գրածների մոտ։
-Ունենք ժամանակակից հրաշալի գրողներ։
Ժամանակակից գրականության մեջ կա հետաքրքիր «համեմունք»։ Կրկնվող թեմաներ, կարծում եմ, կան բոլոր ժամանակների գրողների գործերում։
Երևի թե բոլոր ժամանակների ամենակրկնվող թեման սիրո թեման է։

-Ինչպիսի՞ն պիտի լինի ժամանակակից գրողը, որ սիրվի ընթերցասեր հասարակության կողմից։
-
Ես կարծում եմ, որ գրողը, կամ առհասարակ ստեղծագործող անձը  պետք է չմտածի  իր ստեղծագործությունները մարդկանց դուրեկան դարձնելու մասին։ Երբ փորձում ես դուր գալ մարդկանց, կորցնում ես «ես»-դ և դադարում ես անհատականություն լինելուց։
Արվեստը սիրում է անկեղծություն։ Արվեստը պետք է պարզ լինի, որպեսզի մարդիկ կարողանան իրենց վերագտնել դրա մեջ։ Այնպես, որ պետք է ստեղծագործել անկեղծ, սրտի թելադրանքով։

-Կարծեմ մասնագիտությամբ դիզայներ եք։Ի՞նչ կասեք Ձեր մասնագիտության մասին։Շա՞տ եք նվիրված վերջինիս։
-Դեռևս սովորում եմ։ Ապագա դիզայնեռ_նկարիչ եմ։ Մասնագիտության ընտրությունը կյանքի ամենապատասխանատու և կարևոր քայլերից մեկն եմ համարում և բնականաբար, եթե ընտրել եմ տվյալ մասնագիտությունն, ուրեմն շատ եմ  սիրում և այն մեծ տեղ է զբաղեցնում իմ կյանքում։  Զբաղվում եմ նաև լուսանկարչությամբ(սիրողական)։

-Երազանքները մարդուն թևեր են տալիս։ՈՒնե՞ք երազանքներ որոնք գալիս են մանկությունից, կամ որոնք կատարվել են․․․Պատմեք այդ մասին։
-Մանկությունից եկող երազանքս Արվեստս մարդկանց ճանաչելի դարձնելն է։
Ինչպես սիրում եմ ասել՝ մենք ոչ ավելին ենք, քան խաբկանք, մեր երազանքներն են իրական մենք։ Առ հասարակ երազանքները մեր ամենալուսավոր կետերն են։ Եվ անկախ տարիքից և հանգամանքներից մարդը պետք է երազի։

-Ո՞րն է Ձեր կյանքի մեծագույն նպատակը։
-Կյանքիս մեծագույն նպատակը Արվեսի պատմության մեջ հետք թողնելն է։

-Շատ հետաքրքիր հարցեր էիք պատրաստել։ Հաճելի էր պատասխանելը։
-Մենք  ենք  շնորհակալ՝  գեղեցիկ  պատասխանների  համար։


Մեր  հյուրը  Սյու  Զենն  էր։
Նրա  ինստագրամյան  էջը՝    _suezenn
Նրա  ֆեյսբուքյան  էջը՝  Սյու Զեն
|Տվյալ  նյութը խմբագրված  է  ԳրաԹևի  կողմից։|

Comments

  1. Շատ լավ գրվածքներ ունի իսկապես ինձել զուր եկավ նրա բոլոր գրած տողերը

    ReplyDelete
  2. This comment has been removed by the author.

    ReplyDelete

Post a Comment

Ի՞նչ կա քո մտքում ...