Հարց ու Զրույց Արաքս Մնացականյանի հետ. Գերադասում եմ երազանքը վերածել նպատակի և հասնել դրան



Հարց ու Զրույցի այսօրվա հյուրն է Արաքս Մնացականյանը։ Նա հայտնի է իր ասմունքներով և հեղինակային հայրենասիրական ստեղծագործություններով։


-Արաքս, որքանով գիտեմ, ստեղծագործել սկսել եք փոքր տարիքից։ Այդ ժամանակ և՞ս Ձեր ստեղծագործությունների հիմնական թեման Հայաստանն էր։

-Այո,ստեղծագործել սկսել եմ վաղ տարիքից...
Այն ժամանակ միգուցե այդքան էլ պարզ չէի գիտակցում հայրենասիրության գաղափարը,բայց կրկին ստեղծագործական հիմնական թեման Հայատանն էր և մեր երկրի խորհրդանիշները։

-Ո՞րն է եղել Ձեր առաջին ստեղծագործությունը։Կամ եթե չեք հիշում, ապա գոնե կարո՞ղ եք հիշել նրանից ստացած արձագանքը՝ Ձեզ շրջապատողների կողմից։

-Առաջին ստեղծագործությունս եղել է «Պանդուխտի երգը»,որը հայ հասարակության կողմից ջերմորեն ընդունվեց։ Կարծում եմ՝ արձագանքողների մեծ մասը ոչ հայաստանաբնակ էին և դա նույնպես նպաստեց բանաստեղծության արագ տարածմանը։ Ես այն թարմացրել եմ և ներկայացրել նորովի...

(Մեկ հատված՝ այդ ստեղծագործությունից

Պանդուխտի երգը

Պանդուխտի պես, օտար ափերում,
Քեզ եմ կարոտում ու յուր քեզ փնտրում:
Մոլորված եմ ես օտարության մեջ,
Բախտը մեզ իրարից առանձին պահեց:

Հիմա ապրում եմ օտար ափերում,
Այս օտար ջրից համ էլ չեմ առնում:
Ուզում եմ շուրթս հպել քո ջրին,
Ապրել քո գրկում,իմ սո՜ւրբ հայրենիք:

Ուզում եմ ապրել միայն քո հողում,
Ուր օտարություն երբեք չեմ զգում:
Ուզում եմ շնչել օդդ հայկական,
Քեզնով հիանալ ու հպարտանալ:)

-Գիտեմ նաև, որ Արմաթ խմբակ եք հաճախում։ Ի՞նչ է տվել այն Ձեզ, ազդե՞լ է արդյոք Ձեր մտահորիզոնի վրա։





-Այո, Արմաթը ինձ տվել է նոր աշխարհահայացքներ և բացել իմ առաջ նոր դռներ...
Առանձնահատուկ շնորհակալությունս եմ ուղղում իմ խմբակավար Հասմիկ Առաքելյանին, ով ինձ տվել է Արմաթ հաճախելու բացառիկ հնարավորություն։ Արմաթն ինձ համար երևակայության մեծ աղբյուր է, այդ պատճառով էլ գտնում եմ, որ ազդեցություն ունեցել է իմ ստեղծագործական մտահորիզոնի վրա...

-Առհասարակ սիրու՞մ եք երազել։

-Այո երազել սիրում եմ,բայց գերադասում եմ երազանքը վերածել նպատակի և հասնել դրան...

-Հետաքրքիր էր․․․Իսկ Ձեր նպատակների մեջ կա՞ արդյոք ապագայում մեծ գրող դառնալը։Ձեզ պատկերացնու՞մ եք այդ դերում։Թե՞ ամեն դեպքում իրավաբանությունն ավելի համապատասխան է Ձեզ։

-Կարծում եմ ՝ գրելու արվեստը և իմ ընտրած մասնագիտությունի իրար չեն խանգարի, և ես ապագայում կլինեմ ստեղծագործական ձիրք ունեցող իրավաբան...

-Ի՞նչ եք զգում ամեն անգամ ասմունքելիս՝ հատկապես Հայաստանի մասին։

-Միշտ ասել եմ, որ յուրաքանչյուր ասմունքող պետք է ընտրի իր հոգուն համանատասխան թեմա, և ինչպես հասկացաք, ինձ ամենահարազատ թեման Հայաստանն է, այդ պատճառով էլ կարողանում եմ իմ բոլոր ապրումները փոխանցել ասմունքը լսողին...

-Սիրո՞ւմ եք ընթերցել։ Որո՞նք են երբևէ կարդացած Ձեր ամենասիրելի գրքերը։

-Ընթերցանությունը իմ սիրելի զբաղմունքն է. այն լցնում է իմ օրը հատկապես այս օրերին, երբ կան շատ սահմանափակումներ։
Գիրքը իմ կյանքի լավագույն զարդն ու ընկերն է։ Ամեն մի գիրք ինձ համար ունի առանձնահատուկ նշանակություն...
Ընտրած մասնագիտությունից ելնելով՝ հիմնականում կարդում եմ պատմական հիմք ունեցող գրքեր, ուստի կարդացածս լավագույն գրքերը հենց այդ շարքից են...
«Սամվել», «Վարդանանք», վերջերս կարդացի Հ.Խաչատրյանի «Տիգրան Մեծ» գիրքը...Դրանք շատ-շատ են...
Բացի պատմական գրքերից, հավանում եմ նաև արկածային գրականությունը։

-Պատմական ո՞ր շրջանում կուզեիք հայտնվել և ո՞ւմ դերում կուզեիք լինել։

-Անկեղծ ասած՝ շատ կուզեի հայտնվել Տիգրան Մեծի կառավարման ժամանակաշրջանում և պարզել նրա հաջողության գաղտնիքը... Կուզեի լինել սպարապետի դերում, որպեսզի հասկանայի Տիգրան Մեծի մարտավարությունը...

Մեր այսօրվա հյուրը էր երիտասարդ գրող ու ասմունքող Արաքս Մնացականյանը։

Նրա ֆեյսբուքյան էջը՝ Արաքս Մնացականյան

Տվյալ նյութը խմբագրված է ԳրաԹևի կողմից։

Comments