Հարց ու Զրույց Ման Էլյանի հետ | Իմ մեջ երկու ես կա. մեկը ես եմ, մեկն էլ՝ Ման Էլյանը

Այսօր մեզ հյուր է եկել երիտասարդ գրող Ման Էլյանը։






-Մանե, մարդու կյանքի ո՞ր հատվածը կառանձնացնեք որպես ոսկե շրջան։Դուք Ձեզ համարո՞ւմ եք այդ շրջանի անդամը՝ ներկա պահի դրությամբ։


-Սրտանց պայքարի միջոցով հաղթահարված կյանքի ամեն մի շրջափուլ, այսպես ասած փորձություն, մեկ քայլով մոտեցնում է յուրաքանչյուրիս այդ ոսկե շրջանին, ես դեռ հաղթահարման փուլում եմ։


-Ի՞նչը կամ ո՞վ է Ձեր ներշնչանքի աղբյուրը։


-Իմ սերը ու մայրս։


-Ըստ Ձեզ՝ մարդկանց կարելի՞ է տարանջատել որոշ խմբերի մեջ՝ ըստ նրանց արտաքին և ներքին հատկանիշների։


-Ոչ, խմբերի բաժանել երբեք չեմ փորձել, որովհետև այն մանրամասները, որ կարող եմ իմանալ մարդու մասին շատ ավելին ինձ կտան, քան մարդկանց մի խումբ, ով կաղապարված է որոշակի արտաքին և ներքին հատկանիշների սահմանման մեջ։
Խմբի մեջ կկորցնեմ բոլորին կամ հենց նրան, ում ուզում եմ ճանաչել։ Մարդուն պիտի որպես անհատ նայես ու պիտի հոգուն նայես, որ գտնես իսկական "Ես"-ը։


-Երբվանի՞ց եք սկսել գրել։


-9 տարեկանից, բայց մայրս պատմում է, որ դեռ փոքր տարիքում, երբ տատիկիս տանն էինք ապրում, կանգնել եմ աթոռի վրա ու ինձնից գոհ գոհ ասել.
--"Ես իմ խոսքին,դու քո խոսքին,Վանո Պապն էլ իրան խոսքին"...
Բայց մայրս, ինչպես ինքն է ասում պատկերացում էլ չի ունեցել, որ իմ այսպես ասած հանգավոր մի քանի տողը, հետագա ստեղծագործական կյանքիս նախանշանն է եղել։


-Կա՞ն մարդիկ, որոնք Ձեզ միտել են գրելուն կամ ինչ-որ չափով ոգեշնչել են այդ հարցում։


-Սկզբում որևէ մեկը՝ ոչ, բայց թե ի՞նչը զարմանալիորեն չեմ հիշում...
Միայն հիշում եմ իմ առաջին բանաստեղծությունը "Գարուն" վերնագրով, ըստ երևույթին գարնանն եմ գրել։


-Ո՞րն է Ձեր ամենամեծ երազանքը։


-Ինչ լավ է, որ ասացիք երազանք։ Սիրում եմ երազանքներ, նպատակներն ինձ վանում են, իսկ երազանքը շոյող է, մի տեսակ նուրբ ու փխրուն. պիտի լավ նայես ու չկոպտես երբեք, թե չէ կնեղանա ու էլ երազիդ չի գա։ Երազանքներն իմ կյանքի անբաժան մասն են, առանց դրանց օդս չի հերիքում։ Ամենամեծ երազանքս, որ միայն իմը չէ, այլ ընթերցողինը, գրքիս ծնունդն է։
Ինձ հետ հավասար ու ինձնից շատ դրան սպասող մարդկանցս համար շնորհակալ եմ Աստծուն։
Չկա ինձ համար ավելի կարևոր բան, քան անդավաճան ու հավատարիմ ընթերցողը, ով իհարկե միշտ ինձ օգնում է հասկանալ անելիքս։
Երբ երազանքդ շա՜տ է մեծանում, այնքան,որ էլ միայն քոնը չէ, ուրեմն կատարվելու հավանակնության շանսերն անհավանականորեն բարձրանում են։


-Ավելի շատ սիրում եք աբստրա՞կտ, թե՞ հստակ երևույթներ։


-Որպես մարդ՝ հատակ, որպես ստեղծագործող աբստրակտ, որովհետև դա հաճախ օգնում է կտրվել իրականությունից՝ ստեղծելով մի հարթակ,որտեղ ամեն ինչ քո սրտով է։


-Ձեր գործողությունները, երբ․․․Մի օր արթնանում եք ու նկատում, որ բոլորը ծափահարում են Ձեզ, խոնարհվում Ձեր առջև և երջանիկ աչքերով նայում Ձեզ վրա։


-Դուք գրքիս շնորհանդեսի օրը նկարեցիք հենց նոր իմ մտքում...
Հնարավոր է այդ պահին ավելի խենթ մի բան անեմ, չգիտեմ, որովհետև ուրախությունս չեմ սիրում կառավարել, բայց երևի լացել ու մեկ առ մեկ գրկել այդ մարդկանց։


-Սիրո՞ւմ եք ընթերցել, նախընտրում եք արդի՞, թե՞ դասական գրականություն։


-Փոքր ժամանակ չէի սիրում, նույնիսկ չէի կարդում ինձ հանձնարարված դպրոցական գրականությունը, բայց մայրս ու իր առաջարկած հրաշք գիրքը փրկեցին ինձ` Ազատ Շահինյան "Երկնագույն և կարմիր երազներ"։
Հիմա այդ բացը լրացնում եմ, ազատ ժամանակն էլ մի կողմից շատ է օգնում, բայց ինչպես առաջ այնպես էլ հիմա կարդում եմ այն, ինչի մեջ ժամանակ չեմ սպանի ու կարդում եմ շատ։
Եվ արդի և դասական. ամեն ինչի մեջ էլ լավն ու դրականը կարելի է գտնել։


-Առանց ինչի՞ Դուք Դուք չեք։


-Իմ մեջ երկու ես կա,մեկը ես եմ, մեկն էլ Ման Էլյանը, բայց երկրորդ ես֊ն ավելի ուժեղ է. առանց ինձ էլ գլուխ կհանի։
Առանց երկու ես֊երիս միասնության...


-․․․Դուք Դուք չեք լինի))
Շնորհակալ եմ հաճելի զրույցի համար։Ձեզ նորից կսպասենք մեր համայնքում։


-Ինձ էլ էր շատ հաճելի,շնորհակալ եմ Ձե'զ...
Միշտ սիրով կսպասեմ Ձեր առաջարկներին, անխափան ընթացք Ձեր էջին։


Մեր հյուրն էր Ման Էլյանը։
Նրա ֆեյսբուքյան էջը՝ Ման Էլյան
Նրա ինստագրամյան էջը՝ man_elyan_offical_page

Comments