Խնդրում եմ քեզ | Շուշանէ Եղյան Առաքելյան


Խնդրում եմ քեզ,

Հաջորդ անգամ,երբ որոշես հոգնել,
Արի,
Արի ու դատարկվիր իմ մեջ,
Խոստանում եմ քեզ կպահեմ ,
ու չեմ թողնի դողաս հեռացած օրերի քամիներից,
իսկ թե մեռնելդ գա,արի
ու շուրթերիդ վրա եղած թույնը կիսիր հետս,
կխաղաղվենք երկուսս էլ,
Ու չցավես,որ օրերդ ուրիշների հետ ես կիսել,
վատնել ես ներսը քո ուրիշների համար,
իսկ թե առավոտը էլ չլինի տերևի պես թեթև,
ու գիշերդ նոր ծաղկած բալենու նրբին էտյուդներով
էլ չբուրի
Արի թող քեզ գրկեմ,
գլուխդ դիր ծնկիս,
ու պատմիր ինձ որտեղդ է ցավում,
ճակատիդ նկարված ակոսները
շոյեմ
Ու մատներիս պաղը
մոռացության մատնի անքուն օրերը քո,
որոնք
ունեցել ես ուրիշների համար,
Արի պատմիր թե ում ես կարոտում,
Արի եթե լքվես,
արի,որ քեզ ներեմ,
ու բացակադ հարգելի համարվի,
Արի ինչ էլ լինի,
Անգամ թե չլինեմ,
արի
անգամ եթե գալու
տեղ չլինի։

Շուշանէ Եղյան Առաքելյան
#Անձրևորոնողը

Comments