Գիտությունն օգնում է մեզ ավելի հեշտացնել մեր կյանքը | ԳիտՍեՐունդ

Մեր  այսօրվա  զրույցը  <<ԳիտՍԵՐունդ>>-ի  հետ  է։ Իսկ  թե  ինչ  է  ԳիտՍԵՐունդը՝  կիմանաք հարց  ու  զրույցն  ընթերցելով։

Ի՞նչ է ԳիտՍերունդ-ը։

-«ԳիտՍԵՐունդ» ծրագիրն իրականացվում է Հայաստանի Ամերիկյան համալսարանի կողմից՝ Հայաստանում Ամերիկայի դեսպանատան ֆինանսավորմամբ, որը նպատակ ունի բարելավելու բնագիտամաթեմատիկական կրթության որակը միջնակարգ և ավագ դպրոցներում, մեծացնելու ուսանողների քանակը բնագիտամաթեմատիկական ուղղվածությամբ բարձրագույն ուսումնական հաստատություններում: 


Ինչու՞  է  նախաձեռնությունը  անվանվում  <<ԳիտՍԵՐունդ>>։

-Ծրագրի անվանման մեջ առկա են ծրագրի նպատակն արտահայտող բոլոր տարրերը՝ գիտության հանդեպ սեր արթնացնել աշակերտների շրջանում և կրթել գիտությամբ հետաքրքրված սերունդ


Ինչպե՞ս  է  առաջացել  այն  ստեղծելու  գաղափարը։

-2018-19 թթ-ին իրականացվել է հետազոտություն՝ ուղղված տեխնոլոգիական ոլորտի զարգացման խնդիրներին և հնարավորություններին։ Հետազոտության արդյունքում դուրս է բերվել, որ այս ոլորտի բոլոր ընկերությունները կարիք ունեն մասնագետների, որոնք լավ գիտական կրթություն են ստանում դպրոցից սկսած։ Արդյունքում մշակվել է «ԳիտՍԵՐունդ»  ծրագիրը։


Արդյո՞ք  մեր  ժամանակների  սերունդը  հետաքրքրված  է  գիտությամբ։

-Կան շատ երիտասարդներ, ովքեր ճիշտ ժամանակին բացահայտել են գիտության ուժն ու գեղեցկությունը և շարունակել այդ ուղղով, ու վստահաբար կհասնեն հաջողությունների այս ոլորտում։ Այդպիսի պայծառ ու մոտիվացված երիտասարդների մի խումբ ներգրավված է մեր թիմում և ճամբարների ընթացքում օժանդակում է ուսուցիչներին դասերին նախապատրաստվելիս և վարելիս։ 

Իսկ մյուսների դեպքում շատ հաճախ խնդիրը կապված է դպրոցում առարկան թերի ու ոչ հետաքրքիր, բարդ մատուցելու, անգիրի վրա հիմնված ձևով անցնելու, այս ոլորտում հեռանկարային մասնագիտություններին ծանոթ չլինելու հետ։


Ի՞նչ  անել  երեխաների  մեջ  գիտության  հանդեպ  հետաքրքրություն  մտցնելու  համար։

-Պետք է թույլ տալ, որպեսզի երեխան փորձարկումների, հետազոտական աշխատանքների միջոցով ինքը բացահայտումներ անի, կապերը տեսնի, ինքը հասկանա յուրաքանչյուր բանաձև ու պնդում, նոր մատուցվի առարկայի տեսական հատվածը՝ որպես հաստատում իր բացահայտումների։


ԳիտՍԵՐունդ-ը  ինչպիսի՞  մեթոդներ  է կիրառում  երեխաներին  նյութը  ավելի  հետաքրքիր  մատուցելու  համար։

-Ծրագրի շրջանակում մշակված ռեսուրսների հիմքում ընկած են ինտերակտիվ մեթոդները, որոնց շնորհիվ աշակերտը փորձում է ինքը մտածել, տրամաբանել, հարցեր տալ, փորձարկել, քննել ներկայացված գաղափարները՝ անհատական կամ խմբային աշխատանքների միջոցով։


Ցանկացած ուսուցիչ  կարո՞ղ  է  դասավանդել  ԳիտՍԵՐունդ-ում։

-ԳիտՍԵՐունդում ուսուցիչները ներգրավվում են տարբեր նպատակներով։ Ուսուցիչների մի խումբը ռեսուրսներ մշակող ուսուցիչներն են, ովքեր մինչ ծրագիրը մասնակցել են Արարատյան բակալավրիատի մեկամյա վերապատրաստումներին և ծանոթացել դասավանդման ժամանակակից մոտեցումներին։ Նրանք ծրագրի շրջանակում 5 ամիս շարունակ մասնակցում են աշխատարանների, և յուրաքանչյուրն իր առարկայի շրջանակում ստեղծում է ռեսուրսներ, որոնց հիմքում ընկած է ակտիվ ուսումնառության մեթոդները։ Ուսուցիչների երկրորդ խումբը ներգրավվում է ամառային ճամբարներում և փորձում է ծրագրի շրջանակում մշակված ռեսուրսներով իրականացնել դասընթացներ աշակերտների հետ, տալ հետադարձ կապ, թե ինչպես տվյալ ռեսուրսը աշխատեց և ինչպես այն կարելի է բարելավել։ Այս դասընթացների դիտարկումներին և քննարկումներին մասնակցում են նաև յուրաքանչյուր առարկայի էքսպերտ ուսուցիչներն ու այլ հանրակրթական դպրոցներից ուսուցիչներ։


Ի՞նչ  եք  կարծում․կարելի՞  է  ասել,  որ  գիտությունը  կփրկի  աշխարհը։Ինչու՞։

-Առանց գիտության աշխարհը չի լինի, մեզ շրջապատող ամեն ինչում գիտության մի մասնիկ կա, և գիտությունն օգնում է մեզ ավելի հեշտացնել մեր կյանքն ու նոր բացահայտումներ անել մեր շրջապատի վերաբերյալ։


Որքա՞ն  ժամանակ  է,  ինչ  Դուք  իրականացնում  եք  Ձեր  նախաձեռնությունը։

-Արդեն շուրջ մեկ տարի է, ինչ իրականացվում է նախաձեռնությունը։


Ճամբարին  երեխաների  ուղարկած  մասնակցության  հայտերը  շա՞տ  են,  միգուցե  քի՞չ․․․Ավելի  շատ  ի՞նչ  տարիքի  աշակերտներ  են  մասնակցության  հայտ  ուղարկում։

-Ճամբարում ընդգրկվել ցանկացող աշակերտների թիվը շատ է, և մենք փորձում ենք հնարավորություն ընձեռնել բոլոր դիմած աշակերտներին մասնակցել ճամբարին։ Նախատեսված է 6 ճամբար, յուրաքանչյուր ճամբարում ընդգրկվում է մինչև 100 աշակերտ, ովքեր հաջորդ ուսումնական տարում պետք է հաճախեն 9-րդ, 10-րդ կամ 11-րդ դասարան։ Առաջնահերթություն տրվում է այն աշակերտներին, ովքեր քիչ հետաքրքրություն ունեն բնագիտակամաթեմատիկական առարկաների հանդեպ և չեն կողմնորոշվել հետագա մասնագիտության հարցում։


Թե՛  ճամբարը,  թե՛  դպրոցը  տալիս  են  նույն  գիտելիքները։Բայց  կարծես  առաջին  եղանակով  մատուցածը  ավելի  տպավորիչ  ու  արդյունավետ  է։Ինչու՞մ  է  տարբերությունը։

-Ճամբարում դասերն իրականացվում են ինտերակտիվ մեթոդներով․ աշակերտն է կենտրոնում, ուսուցչի ուղղորդող հարցերի, խմբային քննարկումների, վիրտուալ փորձերի միջոցով փորձում են իրենք իսկ բացահայտումներ անել, նոր կապեր տեսնել առարկայի և իրական կյանքի միջև, խորքային գիտելիքներ ստանալ։ Շատ աշակերտներ ճամբարի ավարտին խոստովանում են, որ առաջին անգամ են ներգրավվում խմբային քննարկումների մեջ և այսպիսի աշխատանքների իրականացումն էլ ավելի է օգնում ըմբռնել առարկան։ Ճամբարում կան նաև մասնագիտական կողմնորոշման քննարկումներ, որտեղ արդեն մեծ հաջողությունների հասած երիտասարդ մասնագետները ներկայացնում են իրենց ոլորտում առկա արդի մասնագիտությունների և իրենց փորձի ու աշխատանքի վերաբերյալ։

Շնորհակալություն,  ԳրաԹևն  ուրախ  էր  Ձեզ  հյուրընկալելու  համար։

ԳիտՍԵՐունդի  ինստագրամյան  էջը՝  stem.gen
ԳիտՍԵՐունդի  ֆեյսբուքյան  էջը՝  ԳիտՍԵՐունդ



Comments