Հայելապատում | Դավիթ Սամվելյան

Ձեռքս տանում եմ դեպի ինձ. ոչինչ չեմ զգում։
Դեպի ինձ…
Փորձում եմ մի բռաչափ մազ պոկել գլխիցս, որ ինչ-որ ցավ զգամ. ցավը բացակայության ներկայությունն է ապահովում. ես բացակայում եմ ինքս ինձնից։
Ո՞վ եմ ես…
Ես արտացոլանք եմ։ Ինքս իմ արտացոլանքը։ Ապրածս կյանքի հատուցումը, անցյալիս կրողն ու ապագայիս շողքն եմ ես։
…Ձեռքս տանում եմ դեպի ինձ։
Փորձում եմ աչքերս հանել. ոչինչ չեմ զգում. դատարկված ակնախոռոչ եմ։ Մատներիս պես չորացած խոռոչ։ Մատներս տանում եմ դեպի կյանք…
Մատներս կծում եմ, որ արյուն հոսի, բայց միայն ոսկրացավ եմ զգում՝ բութ ու հաճելի ցավ. ես չեմ ապրում, ես սավառնում եմ։
Ես գոյություն չունեմ։ Իմ փոխարեն դու ես։
Ես չեմ ճանաչում քեզ, ոչ էլ՝ ինձ։
Ես ճանաչում եմ չգոյության հաճույքը։
Ես հաճույք եմ զգում ոչինչ չզգալուց։
Ես ճանաչում եմ աշխարհը ինձ մոռանալիս։
Ես մոռանում եմ աշխարհը…
Ես եմ ամենը՝ ես, որը գոյություն չունի…
…Դու ընդամենն արտացոլանք ես։ Ողորկ ու սխալ անդրադաձ։
…Ձեռքերս տանում եմ դեպի ծորակը. ուզում եմ հոսել դեպի…
Դու հոսում ես երակներումս…
Ես գոյություն չունեմ։ Իմ փոխարեն դու ես։ Ո՞վ եմ ես առանց քեզ…
Ես արտացոլանք եմ հայելու, ջրի ու քո աչքերի մեջ։
Դու խաբկանք ես՝ ես խաբում եմ ինքս ինձ։
«Հայելապատում» #հատված

Դավիթ Սամվելյան

Comments