Ես միշտ ուզել եմ՝ մարդիկ սովորեն դիմացինի կաշվից ներս նայել | Ադի Ալյեն

Հարց  ու  Զրույց  երիտասարդ  ժամանակակից  գրող  Ադի  Ալյենի  հետ։


-Ինչպե՞ս  են  ծնվում  Ադիի  գործերը։

- Ինձ երբեմն թվում է,թե նրանք ծնվել են ինձանից առաջ ու երկար տարիներ աշխարհով մեկ, մարդկանց ներաշխարհներով մեկ պտտվել են՝ մեկին գտնելու ու նրա միջոցով հնչելու համար: Արդեն երկար ժամանակ է իրենք իմ ներսում են ու իրենք են որոշում՝ ով, ինչ կերպ ու որ ժամանակ պիտի գրվի: Երբեմն ըմբոստանում եմ, մտքեր կան՝ հրաժարվում եմ գրել,բայց նրանք միշտ հաղթում են...

-Ի՞նչ  եք  կարծում,  կարո՞ղ  է  գրողը  գրող  լինել  առանց  իր  ընթերցողի։  

-Ամեն ինչ եկել է դեռ հնուց.Մարդուն միշտ պետք է մարդ՝ իր ապրածը ցույց տալու,իր ապրածով կիսվելու համար:

-Սիրու՞մ  եք,  երբ  Ադի  են  ցիտում։Ի՞նչ  զգացողություն  եք  ունենում  այդ ժամանակ։

 

- Ճիշտ նույն զգացողությունը, երբ ընթերցողներն ինձ ուղարկում են իրենց նոթատետրի էջերը,ուր գրել են իմ տողերից: Երբ գիշերվա կեսին ինձ նամակով հեռահար գրկախառնություններ են ուղարկում:

Մի տեսակ փոխադարձ սիրո նման է,ու կապ չունի քեզ բարձրաձայն կասեն,որ սիրում են,նամակով կգրեն, թե կցիտեն…

-Ինչպե՞ս  եք  վերաբերվում  գրագողությանը։Երբևէ  Ձեզ  հետ  պատահե՞լ  է  նման  դեպք,  երբ  Ձեր  գրածները  այլ  անվան  տակ  հայտնվեն։

- Պատահել է: Վերաբերմունքս,որքան տեղ ունի,բացասական է:Բայց ամենատհաճն այն է, երբ մեկ-երկու բառ փոփոխում են, հարմարեցնում իրենց հետ կատարվող իրավիճակին, երբ հոլովում են ստեղծագործությունն այնպես,որ իրենց ուզած մարդը կարդա ու «մեսսիջը» տեղ հասնի: Իսկ «գրագողություն» բառի երկրորդ արմատը հենց ցույց է տալիս երևույթի ողջ էությունը: Գողություն է, և վերջ:

-Ձեր  ձեռագիրը  ներկայումս  ամենագեղեցիկներից  է։ Ընթերցողներն իսկապես  սիրում  են Ձեզ։Հետաքրքիր  է,  ինչպե՞ս  է  Ձեզ  հաջողվել  նվաճել  ընթերցող  հասարակության  սիրտը։

- Ի սկզբանե ներկայացել եմ ընթերցողի առջև բացառապես իմ տողերով՝ անգամ առանց լուսանկարի և իմ մասին որևէ լուրջ տեղեկության: Պատճառն «ինկոգնիտո» լինելը չէր,այլ բացառապես գրական կերպարիս, ստեղծագործություններիս հաշվին ընթերցողի կողմից գնահատանքի արժանանալը: Իմ ընթերցողների մեջ կան մարդիկ,ովքեր նույնիսկ ինձ ճանաչում են, բայց չգիտեն, որ Ադին ես եմ: Դա ինձ թույլ տվեց լսել անկեղծ, անկողմնակալ կարծիքներ իմ արած գործի մասին: Իմ նպատակն էր՝ նվաճել ընթերցողի ֆիլտրված սերը, առանց ծանոթ-բարեկամի  ու պարզունակ արտաքին համակրանքի:

-Ձեր  <<Գոյ>>-ը,  կարծես  թե, ցույց  է  տալիս  կյանքում  հանդիպող  ինչ-որ  խնդիրներ՝  բայց՝  Ադի  Ալյենի  տեսանկյունից։Այդպե՞ս  է։

 

- « Գոյը », իր իմաստով, մարդու գիտակցությունից անկախ գոյություն ունեցող օբյեկտիվ իրականությունն է, ամեն ինչի անփոփոխ հիմքը:Երբ հարցնում են տողերի հիմքում իրակա՞ն դեպքեր են, թե ոչ, ես միշտ պատախանում եմ նույն կերպ՝ այն, ինչ գրված է այդ խորագրի ներքո՝ աշխարհում ինչ-որ մեկի հետ կատարված, կատարվող կամ դեռ կատարվելիք պատմություն է: «Գոյի» հերոսներն ուղիղ նայում են իրենց խնդրի աչքերին, իսկ պատկերի մյուս կողմը տեսնելն արդեն ընթերցողի գործն է:

-Ինչպե՞ս  է  առաջացել  <<Գոյ>>-ը  գրելու  գաղափարը։                        

 -  Ամեն մի « Գոյ» կարող է ծավալուն պատմվածք դառնալ: Բայց չէ՞ որ մեզ դժվար է ուրիշների խնդիրներին այդքան երկար ժամանակ տրամադրել: «Գոյի» հերոսները մարդիկ են, ում տրված է 3 րոպե՝ իրենց մասին պատմելու համար:        Ու, հավատացեք, դեռ ոչ մեկին չի հետաքրքրել, թե ինչ եղավ հետո...

-Ադի,  Ձեզ  գրող  համարու՞մ  եք։Ի՞նչ  է  պետք  անել  լավ գրող  լինելու  համար՝  ըստ  Ձեզ:

- Բոլոր այն մարդկանց,ում գրող եմ համարում, հարգում եմ այնքան,որ դեռ նրանց շարքերին ինձ չեմ դասում:

Ըստ իս լավ գրողը նա է,ով կրթում է,և նշանակություն չունի միտքը,թե հոգին:

Իմ մատուցած ստեղծագործական արժեքը հեռադիտակի պես մի բան է:

Ես միշտ ուզել եմ մարդիկ սովորեն դիմացինի կաշվից ներս նայել…

-Ո՞րն  է  Ձեր  գործերից  ամենասիրելին՝  Ձեզ  համար։

- Ամենասիրելին, թերևս, ամենահակասական արձագանքներ ստացած գործն է՝ « Վերջին նամակն Աստծուն »: Ոմանք գտել էին ստեղծագործության խորքում թաքնված հավատացյալին,ոմանք դարձրին ինձ անհավատ: Պատասխանս միշտ մեկն է եղել՝ անհավատները Աստծուն նամակ չեն գրում…

-Շնորհակալություն  մեր  հյուրը  լինելու  համար։Անգամ  հասարակ  հարցերին  տված  հասարակ  պատասխանները  տողատակեր  ունեին։Շատ  խորաթափանց  հոգի  ունեք,  ուրախ  եմ,  որ  ինձ  բախտ  է  վիճակվել  ծանոթ  լինել  Ձեզ  և  Ձեր  ձեռագրին։

-Ես  էլ  շնորհակալ  եմ  իսկապես  հետաքրքիր  հարցերի  համար։Շատ  հաճելի էր  մտածել  այդ  թեմաների  շուրջ։Ինքս  ինձ  համար  շատ  պատասխաններ  բացահայտում  էին։


Հիշեցնենք,  որ  մեր  հյուրն  էր  ժամանակակից  երիտասարդ  գրող  Ադի  Ալյենը։

Նրա  ֆեյսբուքյան  էջը՝  Ադի Ալյեն

Comments