Կյանքը շատ կարճ է ավելորդ գրքեր ունենալու համար | Ծով Alize՛

 ԳրաԹևի  հյուրը  երիտասարդ  ժամանակակից  գրող  Ծով  Alize՜-ն  է։

-Երբվանի՞ց եք սկսել գրելը։
Երբ դեռ գրել չգիտեի։ Միշտ էլ գրել եմ, վաղ մանկությունից․․․եթե ոչ թղթի վրա կամ համակարգչում, ապա մտքում․․․այդպես ստացվել է․․․գրելը միշտ եղել է մենակ մնալու իմ տեղը․․․

-Ինչպե՞ս եք կարողանում հայրենիքից դուրս գրել հայրենիքի ժողովրդի համար, հայրենիքի լեզվով։

Հայերենը պարզապես իմ մայրենի լեզուն չէ, այս լեզվով հանգիստ խոսում են իմ բոլոր զգայարանները։ Իմ տեսածը, լսածը, զգացածը, պարզապես երևակայածը ամեն ինչ կարող եմ ցանկության դեպքում բառերի վերածել, որովհետև այս լեզուն անվերջանալի ճանապարհորդություն է, և մտել է մաշկիս մեջ։ Նույնիսկ ֆրանսիական լեզվամտածողությունն եմ ի վերջո ծառայեցնում հայերենին․․․իմ հայերենին, ոճին ու  ձեռագրին․․․անդադար սիրահարվում եմ այս լեզվին․․․
Կարծում եմ՝ մենք հարուստ ենք այս լեզվով, իսկ այս լեզուն աղքատ է մեզնով, որովհետև, ընդհանուր առմամբ, մենք չենք ճանաչում այն։
 
-Ինչու՝ Ծով Alize՛։
Այս հարցին շատ եմ պատասխանել, փորձեմ մանրամասնել․․․
2006-ին  Alizée-ն առաջին հայատառ www.akumb.am ֆորումում իմ մականունն էր։Այդ ժամանակ Ալիզե անունով ֆրանսիացի երգչուհուն շատ էի սիրում։ Այդ ֆորումում էին իմ առաջին ընթերցողները, առաջին պատմվածքներին անհամբեր սպասողներն ու ինձանից գիրք պահանջողները, իսկ հետագայում նրանցից մնացին անդավաճան ու հուսալի ընկերներ, որոնք իրականում հաճախ ինձ հենց այդպես էլ դիմում էին։ Այդպես Ալիզեն էլ մնաց իմ անվան կողքին։ Երկրորդ գրքի հրատարակության ժամանակ առանց ինձ համար արդեն թալիսման դարձած  այդ անունի չէի պատկերացնում ինձ։ Բացի այդ, ավելի ուշ իմացել էի, որ alizé (մի é-ով) նշանակում է քամի, ծովից եկող զեփյուռի մասին է խոսքը, իմ պոեզիան էլ էդպիսին է․․․
Մի խոսքով, դա ինչ-որ թիթիզ բան չէր, որ էդպես վերցրեցի ու կեղծանուն դարձրի։Առաջին գրքի ժամանակ չէի ավելացրել, երկրորդի ժամանակ արդեն ինձնից անբաժան էր alizé-ն, դրա համար էլ մնաց անվանս կողքին այս անգամ միայն քամի իմաստով։ Այսինքն դա այնքան բնական էր ինձ համար։

-Բացի գեղեցիկ գրելուց, Ձեզ հատուկ է գեղեցիկ կատակելը՝ հաճախ <<Ժոզեֆին տատիկ>> անվան տակ։Ժոզեֆին տատիկը որքանո՞վ կապ ունի իրականության հետ, հավաքական կերպա՞ր է, թե՞ Ձեր մտքերի արտացոլումն է՝ այդ անվան տակ։
Շնորհակալ եմ։Չգիտեմ ճիշտ կլինի, որ ես դիմակազերծեմ Ժոզեֆին տատիկին, թե՞ ոչ։ գերադասում եմ, որ ընթերցողներից յուրաքանչյուրը մտածի ինչ ուզում է։ Պատահել է, որ պահանջել են ինձնից Ժոզեֆին տատիկի լուսանկարը, չեմ զարմանա, որ մի օր պարզվի, որ ես տատիկին սպանել եմ, որ իր «ցնդաբանությունները» իմ էջով տարածեմ։ Տատիկ է էլի, թող գոյություն ունենա՝ առանց բացատրություններ տալու․․․իմաստուն, խելագար, մեկ-մեկ էլ պարապ տատիկ է, որին ես շատ եմ սիրում․․․և որն արդեն ապրում է իր կյանքով․․․և քանի որ մենք նրա մասին խոսում ենք, ուրեմն գոյություն ունի․․․

-Ինչպե՞ս եք վերաբերվում ժամանակակից գրողների ստեղծած գրականությանը։
Եթե խոսքը հայ ժամանակակից գրականության մասին է, ապա վերաբերվում եմ, ինչպես կվերաբերվեմ ժամանակակից կոշկակարին․․․ով կոշիկս լավ կարի, նրա մոտ էլ կտանեմ ․․․
Պարզապես չեմ հասցնում բոլորին կարդալ, երբեմն մի քիչ թերթում եմ, հասկանում, որ իմը չէ ու էլ ինձ չեմ ստիպում առաջ գնալ։ Օրինակ, եթե շատ լոկալ է, և քիմքիս չափազանց ծանոթ, ձանձրալի է։ Կյանքը շատ կարճ է ավելորդ գրքեր ունենալու համար։ Մենք ունենք ժամանակակից հետաքրքիր, իրենց նման մտածող, գրականության կոշիկների մեջ քայլող հեղինակներ։ Ունենք ժամանակակից գրականություն, տարօրինակ կլիներ, եթե չունենայինք, դա կլիներ մեր համազգային մահախոսականը․․․

-Ինքներդ Ձեզ համարու՞մ եք այդ գրականության կերտողներից մեկը։
Տարօրինակ հարց է․․․ովքեր են այդ համարողները և չհամարողները և ինչու պիտի ես ինձ համարեմ կամ չհամարեմ «ժամանակակից գրականություն կերտող»․․․դա նշանակում է, որ մենք պարտադիր ինչ-որ բան ենք կերտում ինչ-որ մեկի համար և անպայման ձգտում ենք ինչ-որ ցուցակներում տեղեր զբաղեցնել․․․ես մենակ եմ քայլում․․ պարզապես ես գրում եմ՝ իմ ժամանակից կտրված չլինելով,պարզապես ես գրող եմ, եթե կոշկակար լինեի, հանգիստ կասեի՝ կոշկակար եմ, միևնույն ժամանակ հենց ես եմ իմ առաջին և ամենատես ընթերցողը․․․և իբրև իմ ընթերցող, ուրախ եմ, որ իմ ժամանակակիցն եմ․․․( ծիծաղում եմ)…

 -Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր մուսան, ոգեշնչման էական աղբյուրը։
Ամեն ինչ կարող է լինել իմ մուսան, բայց շատ կարևոր է, որ ես սպիտակ էջի առաջ նստեմ անհամբեր ու ոգևորված։ Նույնիսկ շատ տխուր բանը ինձ կարող է ոգևորել գրելու պահին։ Եթե գրելուց ձանձրանում եմ, ուրեմն մուսան խորը քուն է մտել կամ էլ ապուշի մեկն է․․․

-Ինչո՞ւ են Ձեզ համար ամառվա երեկոները ամենասիրունն ու ամենասիրելին։

Ինչ-որ հոգատար ու քնքուշ բան կա ամառվա երեկոների մեջ․․․վախ, որ շուտով կավարտվի, ինչպես, երբ վախենում ես շունչդ կտրվելու չափ երջանիկ ժամանակ, որ երկար չի տևի այդ երջանկությունը․․․
Մի բան կա, որ ամռանը չեմ կարողանում ներել․պապիկիս գնալը․․․գիտակցում եմ, որ ամառից ամառ կարոտս անչափելի ուժգնանալու է, բայց հիմա, երբ պատասխանում եմ այս հարցերին, զով ամառ է ու էլի սրտումս նույն վախն է, որ շուտով այն կավարտվի․․․

-Որպես գրող՝ ի՞նչ եք ուզում փոխել գրականության մեջ։Կա՞ մի բան․ որը Ձեզ բնավ դուր չի գալիս ու Դուք ուզում եք նրան տալ Ձեր երանգը։
Հատուկ չեմ մտածում ինչ-որ բան փոխելու մասին։ Եթե ուզեմ ինչ-որ բան փոխել, ուրեմն պիտի ձգտեմ լինել ինչ-որ մեկի տեղում, քանի որ փոխում են եղածը․․․ես չեղածի պատասխանատուն եմ․․․ փոխելը դեկոնստրուկտիվիզմի է տանում։ Ես պարզապես ուզում եմ երազանքներ բաժանել, ես ուզում եմ, որ իմ ընթերցողը իմ գրականությունից ոգեշնչվի, ուզում եմ, որ նույնիսկ մտացածին կերպարները վստահություն ներշնչեն նրան և որ իր միջավայրից տեղափոխվի ուրիշ միջավայր, որտեղ կամ չի եղել կամ ուշադիր չի ապրել։

-Ինչպիսի՞ն է Ծով Alize՛-ն որպես մարդ, իրական կյանքում և՞ս նա այսքան պոետիկ ու նրբազգաց է, որքան իր գրածների մեջ։
Ես կարողանում եմ սահման դնել իրական և ստեղծագործական կյանքի միջև։ Իհարկե չեմ կարող ասել, որ ստեղծագործականը հենց այդ իրականությունը չէ, բայց  չեմ պարտադրում իմ ստեղծագործական աշխարհը ո՛չ ընկերներիս, ո՛չ հարազատներիս, չնայած նրանց մեծ շատերը վաղուց ընթերցող են դարձել։  Գուցե ընկերներս ասեն, որ շարունակում եմ մնալ պոետիկ ու նրբազգաց, բայց կարծում եմ մեծ մասը կհիշեն, որ կամ քաղաքականությունից եմ շատ խոսում կամ էլ անդադար ծիծաղեցնում եմ՝ ցինիզմի չափավոր պաշարը միշտ գրպանումս։ Երբեմն մարդիկ չեն տարբերում իմ կատակն ու լուրջը․․․Ես սիրում եմ, որ մարդիկ ինձ տեսնեն հանգիստ, ուրախ և չեմ ծանրաբեռնում նրանց։ Ընկերական, ընտանեկան կամ աշխատանքային շղթայից դուրս ավելի շատ մենակություն նախընտրող եմ,մարդաշատ տեղերում երկար մնալ չեմ կարողանում, ստիպված եմ լինում ինքս ինձ խաղալ, ինձ մի քիչ ժամանակ է պետք մարդկանց հետ շփվելու համար, այլապես հավասարակշռությունս կորցնում եմ։ Սովորաբար գրելիս ես ավելի շատ ասելիք ունեմ, քան խոսելիս և ավելի ճշմարտախոս եմ հենց գրելու ժամանակ։ Առաջ շատախոս էի, հիմա ավելի շատ լսում եմ, երբեք չեմ ավարտի մի նախադասություն, որը ոչ մեկի հետաքրքիր չէ, պարզապես կդադարեմ խոսել։

-Շնորհակալություն, ուրախ էինք հյուրընկալելու համար։
-Ես եմ շնորհակալ հետաքրքիր զրույցի համար։
Մեր  հյուրն  էր  Ծով  Alize'-ն։
Նրա  ֆեյսբուքյան  էջը՝  Tsov Alizé Ծովինար Բանուչյան
Նրա  ինստագրամյան  էջը՝  tsov.alize
Նրա  կայքէջը՝  https://tsov-alize.com/

Comments