Պատմում է Ջեննի Բալյանը

 Ողջ գիտակցական կյանքումս, երբ սկսել եմ հասկանալ ամեն ինչ, իմացել եմ, որ Արցախը Հայաստան է, արցախցին նույն հայն է, ինչպես գյումրեցին, լոռեցին, և մնացած բոլորը....


Որովհետև ես մեծացել եմ մի մթնոլորտում, որտեղ լսել եմ Արցախի բարբառը, այնտեղի հող ու ջրի մասին գերբնական պատմությունները, մաքուր օդի մասին հրաշալի նկարագրությունները, որ խորը շունչ քաշելիս կարողացել եմ զգալ այդ մաքրությունը.....
Տատիս ու պապիս եկել են Շահումյանի շրջանից, պատերազմի ժամանակ, փախել են,էսպես ասած, որովհետև այդ պահին այլ ելք չի եղել, մինչև վերջին պահը չեն լքել իրենց տունը, սպասել են, որ հեսա ուր որ է կվերջանա, բայց ամենավերջում ,երբ արդեն տատիս ասելով գրադը եկել խփել է դարպասին, ու գյուղում մնացած մարդիկ մենակ իրենք են եղել, նոր լքել են տունը....
Տունը լքել են առանց որևէ իրի, հողաթափեր ով, հագի շորերով, ողջ կարողությունը թողնելով, որովհետև այլևս ժամանակ չի եղել, որովհետև մտածել են, որ մի քանի օրով են գալիս Երևան, բայց էլ երբեք ետ չգնացին......
Կարոտը միշտ լցվում էր տատիս մեծ ու կլոր աչքերի մեջ ու դուրս հորդում, անընդհատ պատմում էր գյուղից, իր երկու հարկանի հսկայական տնից, պատմում էր ոգևորված, բոցավառված ու սպասում ,որ ետ են վերադառնալու....
Պապս լուռ էր, միշտ , ու ասում էր միայն,որ հեսա, հեսա Շահումյանը հետ կվերցնեն ու ես կգնամ, դուք էլ կգաք, կհանգստանաք մեր դրախտում....
Սակայն դա չեղավ, վիշտը լուռ խեղդեց պապիս հոգին, ու ժամանակից շուտ նա հանձնվեց՝ մինչև վերջ սպասումը սրտում, որ ուր որ է հետ է գնալու......
Երբ տատս պատերազմի մասին պատմում էր, միշտ հետաքրքրությամբ էի լսում նրան, որովհետև ինքը պատմում էր ոգևորված, ահռելի սիրով ՝ գոնե էդպես փորձելով կարոտն առնել ......
Ու ամեն անգամ ասում էր՝ ծախեցին Շահումյանը, ծախեցին......
Հիմա, այսօր, մենք չպետք է մի կտոր հող անգամ տանք, որովհետև այն մարդիկ,ովքեր մի կյանք այդ հողի վրա են ապրել, իրենց Երևանը պետք չի, իրենց ձեր կենտրոնի տները պետք չեն, իրենք ուղղակի ուզում են, որ ամենը ավարտվի, ու իրենք վերադառնան իրենց ապրելատեղին.....
Ես տեսել եմ մարդկանց, ովքեր կարոտից դանդաղ մահանում են, իրենց տան, իրենց հող ու ջրի կարոտից......
Իմ տատն ու պապը այդպես էլ չկարողացան իրենց գտնել այստեղ, իրենք դանդաղ մահացան կարոտից....
Մինչև հիմա հիշում եմ տատիս կլոր ու մեծ աչքերը, ասես դիմացս կանգնած է, ով երգում էր Հայրենիքիս ջուրը երգը, արտասվում, տալիս պապիս, պապս կամաց մտմտում էր երաժշտությունը, ու քար լռություն էր տիրում.......
Մենք բոլորս հայ ենք , ինձ համար երբեք անջատում չի եղել, որովհետև ես դա չեմ զգացել, որովհետև իմոնք եկել են այնտեղից, ու ոչ իրենց ցանկությամբ......
Հային մի բաժանեք կտորների, մենք բոլորս նույն արյան կրողներն ենք, մեն բոլորս Հայ ենք......
Ես երազում եմ, որ մի օր Շահումյանը կլինի մերը, կգնամ, հողից կվերցնեմ ու կբերեմ շաղ կտամ տատիս ու պապիս մոտ, որ հանգիստ լինեն, որ ննջեն հանգիստ......
Իրենք դեռ սպասում են.....

Ջեննի Բալյան

Comments