Կգրկեի Մորս ու հազարավոր համբույրներ կհավերժացնեի իր ձեռքերի վրա, մինչև Վերջը մոտենար | Աննա Մեկունց

Այսօր ԳրաԹևի հյուրը Արցախում ապրող, տաղանդավոր հայ Աննա Մեկունցն է։




 -Ե՞րբ և որտեղ է ծնվել Աննա Մեկունցը։

Ծնվել եմ 2000 թվականի մայիս 15֊ին, Արցախում, Դրախտային մայրաքաղաք Ստեփանակերտում, Արցախի սրտում։

-Ինչպե՞ս է առաջացել Ձեր գրական կեղծանունը։

Մականունս իրականում ունի շատ հետաքրքիր պատմություն։ 

Երբ ես Արցախում արդեն ճանաչվեցի՝ իբրև գրող, ու գրքերս տպագրման փուլում էին, ինձ ասացին, որ ես պիտի մականուն ընտրեմ՝ գրական։

Ես գնացի տուն, երկար մտածելուց հետո հիշեցի, որ պապիկիս նախնիները կրել են #Մեկունց ազգանունը, որը հենց ինքն իրենով նշանակում էր << միասնականություն, համերաշխություն, բարություն>>։ 

Ասում են, նախնիներս իրենց ընտանիքներով միշտ հաշտ ու համերաշխ են ապրել , ու այդպես իրենց տոհմական ազգանունը դրվեց ՝ Մեկունց։

Այդպես ես ինքս ինձ կնքեցի Մեկունց մականունով։

-Հավատու՞մ եք հրաշքներին։

Հրաշքների միշտ եմ հավատացել ու շարունակում եմ հավատալ։

Որովհետև իմ կյանքում հրաշքներ բազմիցս են եղել, անհավանական կերպով միշտ կատարվել են իմ ամենաչնչին ու ամենամեծ երազանքները, ու ինձ թվում է, որ մարդն առանց այդ հավատի ուղղակի չի կարող ապրել ամեն մի ակնթարթը, որը իրոք հրաշքով է տրվել ու տրվում իրեն։

Հրաշքներ կան ու դեռ կլինեն։ Կարևոր է հավատալ այդ հրաշքներին։

-Ո՞րն է Ձեր մեծագույն երազանքը։


Մեծագույն երազանքս է թողնել հարուստ գրականություն, որը չի մոռացվի, ու պարզապես 《հուշանվերի》 չի վերածվի ու դարերով փոշիանա փակ դարակներում։ 

Ես ցանկանում եմ իմ թողած այդ մի փոքրիկ հետքը հավերժանա մեր թատրոնների բեմերում ու հանդիսատեսի հիշողության մեջ։ 

Ամեն մի ստեղծածս գործը այն մեծ հույսով եմ ստեղծում, որ գուցե գոնե ինձանից հետո, կարող է պատահի, որ բեմադրվի հայկական թատրոններում։

-Եթե Ձեզ ասեին, որ աշխարհը մոտենում է իր մայրամուտին, ի՞նչ կանեիք։։

Կգրկեի Մորս ու հազարավոր համբույրներ կհավերժացնեի իր ձեռքերի վրա, մինչև Վերջը մոտենար։

-Կա՞ բան, որը Ձեզ մղում է գրել։ Ինչպե՞ս գրել սկսեցիք։


Գրել եմ 11 տարեկանից՝ հիմնականը։Երբ արդեն ինձ ասում էին, որ մեծ ապագա ունեմ գրական աշխարհում։ 

Առաջին ստեղծագործությունս Աստծո, Քրիստոսի ու Հրեշտակների մասին եմ գրել, որովհետև մանուկ ժամանակ հաճախ են աչքիս երևացել։ 

Այնուհետև գրեցի պատմվածք.«Կոտրված Սեր», «Հայրենասեր Մարդը»:

Ու արդեն 2017֊ից անցա ավելի լուրջ գրական ոճերի ու ավելի լուրջ էի մոտնեում ամեն մի աշխատանքիս։

Ծնվեց «Ինձ բեր սպիտակ մեխակներ» վեպս, որը կյանքիցս վերցրված պատմություն է։

 2020֊ին «Ողջույն, Արցախ»-ի ուղիղ եթերով հարցազրույց տեղի ունեցավ, որից հետո տպագրվեցին իմ մնացյալ  գրքերը։

Հիմնականում ես գրում եմ իմ զգացմունքներից ազատվելու համար, գրում եմ ինքս ինձ հասկանալու, ինքս ինձ հետ ընկերանալու ու անկեղծանալու համար, որովհետև իմ կարծիքով մարդ պետք է գոնե ինքն իր հանդեպ արդար ու անկեղծ լինի։

-Պատկերացրեք, որ մեկ օրով աշխարհի կառավարումը Ձեզ է տրված, և Դուք կարող եք անել այն, ինչ ուզեք։

Առաջին բանը, որ կանեիք... -ն է։

Միակ բանը, որը ես կվերացնեի աշխարհի երեսից, չարիքն ու կեղծիքն է բնականաբար։

-Աննա Մեկունցը սիրում է՞ արդյոք լսել քննադատություններ` իր ստեղծագործությունների վերաբերյալ։Ինչպե՞ս է առհասարակ մոտենում գրաքննադատությանը։

Քննադատություններ միշտ էլ լսել եմ ու սիրել։ Որովհետև քննադատները ինձ կատարելագործվելու մեծ մոտիվացիա են տալիս։

Ինքս էլ իմ հանդեպ հաճախ եմ քննադատողական տրամադրությամբ մոտենում, որովհետև դա, ըստ իս, օգնում է, որպեսզի ավելի լուրջ ու ավելի պատասխանատու կերպով վերաբերվես քո գործին։

-Ունե՞ք սիրելի հեղինակ բոլոր սերնդների գրականության մեջ։

Սխալ կլինի առանձնացնելը մեր հայ գրողներից որևիցե մեկին։ 

Դա հանցագործություն կլինի ու աններելի իմ կողմից։

Ես առհասարակ պաշտել եմ բոլոր հեղինակներին՝ յուրաքանչյուրին իր ոգով, ոճով, խորությամբ։

Բայց կան գրողներ, ովքեր ինձ կյանք են սովորեցրել։Նրանցից են Սահյանը, Սևակը, Չարենցը, Տերյանը, Դավիթ Սամվելյանը, Գայանե Թադևոսյանը....

Նրանք պարզապես գրող կամ հեղինակ չեն։

Իրենց ամեն մի տողն ինձ ապրեցնում, ու ուրիշներին ապրեցնելու ուժ է տալիս։

-Ձեր կարծիքը այն գրականության մասին, որը ստեղծվում է մեր իսկ օրերում։

Ժամանակակից գրականության մասին խոսելիս զգում եմ հպարտություն։Ինչու՞.

Որովհետև ես ներկա սերնդի մեջ տեսնում եմ ապագա ստացված հեղինակների, ովքեր դեռևս լսելի են դառնալու, ում մասին խոսելու են մեր եկող սերսունդները, ու հպարտանալու է ամբողջ հայությունն ու աշխարհը։

-Ի՞նչ է պետք մարդկանց` երջանիկ լինելու համար ըստ Մեկունցի։

Երջանիկ մնալու համար պետք է կարևորել ամենաչնչին մանրուքներն, ու ուղղակի ապրել։Մանրուքների մեջ, իրականում, ակնթարների մեջ ապրում է ծով երջանկություն։

Երջանիկ լինելու համար պարզապես պետք է ժպտալ, ապրել, սիրել, գնահատել։ 

Նյութականը վեր մի դասեք հոգևորից։

Եթե ներքուստ երջանիկ ես, ուրեմն Կյանքդ զուր չէր ապրած։



Զրուցում էինք Աննա Մեկունցի հետ։

Նրա ֆեյսբուքյան էջը` Աննա Մեկունց


Comments