Որովհետև բոլոր հաջողված գործերս ու հարաբերություններս ինչ-որ տեղ ինքնաքննադատության արդյունք են | Մանե Մարտիրոսյան

ԳրաԹևի հյուրը Մանե Մարտիրոսյանն է՝ "Պուտավոր զգեստով աղջիկը Փարիզում" գրքի հեղինակը։
֊Մանե, ի՞նչ է պետք լավ գրող լինելու համար։
Ստեղծագործել հոգով ու չմտածել լավ գրող լինելու մասին։
֊Երբ տպագրվեց «Պուտավոր զգեստով աղջիկը Փարիզում» գիրքը, ի՞նչ զգացողություններ ունեիք։
Ասում էի, ոնց որ երեխա ունեցած լինեմ։ Քանի աղջիկս չի ծնվել, Պուտավորը իմ առաջին երեխան է։ Աղջկաս ծնվելուց հետո կվերանայեմ այս հարցի պատասխանը, գուցե փոխվի։ )))
֊Ինչպե՞ս և ինչո՞ւ է գրվել այդ գիրքը, որը, ասես, երազել է սովորեցնում։
Ընկերուհուս պատմում էի ճամփորդությանս մասին, ասացի՝ «մինչև հիմնական ուտելիքս կբերեին, պատուհանի մոտ տեղ ազատվեց»։ Հենց այդ նախադասությունը դարձավ մուսա, նույն օրը երեկոյան գրեցի նոթերիս մեջ ու հետո ամբողջ գիրքը կառուցվեց դրա շուրջը։ Ի դեպ այդ նախադասությունը գրքի նախավերջին էջում է։ Իսկ գիրքը գրվեց, որովհետև ասելիք ունեի և ընկերական քննարկումները ինձ չէին հերիքում, որպեսզի ամբողջ ասելիքս դուրս գա միջիցս։ Ես էլ գրեցի, որ շատ չխոսեմ, որ շատ կարդան։ )))
֊Այժմ գրում եք նոր գիրք։ Որքանո՞վ կա առնչություն այդ և նախորդ գրքի միջև։ Գուցե դա շարունակությո՞ւնն է առաջին գեղեցիկ պատմության։
Այո, հաջորդ՝ «Վազող ամպերի հետքերով» պատմվածքը առաջին գրքիս շարունակությունն է։
֊Հաճա՞խ եք Ձեզ ինքնաքննադատության ենթարկում։
Չեմ կարող ասել՝ օրը քանի անգամ, բայց առանց դրա երջանիկ չէի լինի, կարծում եմ։ Որովհետև բոլոր հաջողված գործերս ու հարաբերություններս ինչ-որ տեղ ինքնաքննադատության արդյունք են։
֊Կա՞ն նմանություններ պուտավոր շրջազգեստով աղջկա և Մանե Մարտիրոսյանի միջև։
Քանի որ գրքում ներկայացված է իրական պատմություն և հայկական տիպիկ դժվարություններ, որոնց մեջ, ցավոք, շատերը ապրում են, ուստի, ոչ միայն Մանե Մարտիրոսյանը, այլ շատ աղջիկներ, իրենց մասամբ կամ ամբողջովին նմանեցնում են հերոսուհուն։ Բազմաթիվ հնչված կարծիքներ այդ մասին են վկայում։
 ֊Երբևէ ցանկացե՞լ եք վերջ տալ գրելուն, հոգնե՞լ եք գրելուց, ստեղծագործելուց։
Եղել են լռության պահեր, բայց նման ցանկություն երբեք չի եղել։
֊Երեք բառ, որոնք անմիջապես բնութագրում են Մանեին։
Մի տևական ժամանակ ինձ համարում էի շատախոս, բկլիկ և լացկան։  )))) Իսկ ավելի լուրջ, այս պահի մասին՝ երջանիկ, հաստատակամ, պատրաստակամ։ 
֊Երեք բառ, որոնք ստիպում են ապրել։
Կյանքը շատ կարճ է։
֊Ի՞նչ թեմաներ են արծարծվելու Ձեր՝ այս պահին գրվող գրքում։
 Թեմաները շատ են այս անգամ, կթվարկեմ մի քանիսը, օրինակ՝ սեփական աշխարհի կառուցումը, «խիստ» ծնողներին հաղթելու գաղտնիքը, լեզվական դժվարությունները սեփական երկրից դուրս և այլն։
Շնորհակալություն։
- Ես էլ եմ շնորհակալ։

ԳրաԹևի հյուրն էր Մանե Մարտիրոսյանը։
Նրա ինստագրամյան էջը՝ @mane_martirosyan

Comments