Սև հոնքերով տղամարդիկ | Արփի Ստեփանյան



Սպիտակած մազերով
բայց սև ու խիտ հոնքերով տղամարդիկ
ավելի են ստիպում հասկանալ, որ
կյանքն ինչքան կարող է
խուտուտ կտա քեզ 
ու եթե դու հումորից հեռու եղար
հաստատ հեռու չես գնա․

չէ՞ որ դու պիտի ծիծաղես կյանքի վրա,
հետո ինքը քո,
չնայած միշտ ինքն է սկսում առաջինը
ու դու փորձում ես իր հետ ծիծաղել,
սակայն տապալում բոլոր փորձերը։

Հետո էլ, որպես հարազատ ընկեր
միայն ինքն է կանգնում կողքիդ,
զգում ես, որ եղած-չեղածդ հենց էդ կյանքն է՝
քեզ ուղղություններից շեղող,
ամեն օրդ ինքն իրեն որոշող,
մտքիդ մեջ քեզ ձեռք առնող։

Հաճախ կյանքը հայտնվում է մեր առաջ
ինչ որ սիրելի մարդու կերպարանքով,
ու թե կարողացար բաց չթողնել՝բախտդ կբերի,
թե ուղարկեցիր իր ճանապարհով՝կհաղթես․

միշտ պիտի մեկ քայլ առաջ մտածես,
մեկ զգացմունք ավել ունենաս,
քան կյանքը․ ու չնայած, որ դա երբեք,
լսու՞մ ես, երբեք չի ստացվելու՝
չհանձնվես․
վազիր առաջ,
ընկիր ցեխերի մեջ,
կախվիր ծառերի ճյուղերից
ու մարդկանց սրտերից․

բարձր ծիծաղիր էս կյանքի վրա,
հռհռա նրա հետ,
որովհետև էս աշխարհում
կան սպիտակած մազերով
ու սև հոնքերով տղամարդիկ,
ում կյանքն ամեն օր,
ամեն ժամ
ձեռք է առնում։

Comments