Մոդա Լիզա | Էլիզա Մխիթարյան



Մոդա Լիզա
Քառանկյուն կառուցվածք ունեցող ծյոծկեքի հոգեվերլուծական աշխարհն ամենաբարդն է։
Դու, որ ավարտել ես համալսարան, որ մասնակցել ես դասընթացների, որ գնացել ես թանգարաններ, գիտե՞ս արդյոք, որ հարևան Գայանի աղջիկը նշանը հետա տվել։ Եթե դու չգիտես, թե շրջապատում ինչ է կատարվում, ուրեմն դու ոչինչ էլ չգիտես։ Ուրեմն դու ոչ մեկ ես։ Ուրեմն գրողի ծոցը կորչեն քո համալսարաններն ու դասընթացները։ Ամենակարևոր ինֆորմացիան քթիդ տակ է՝ հարևանիդ տանը, իսկ դու խմում ես քո բաժին թանը, մտածելով, որ ամսվա վերջ քննություններ ունես ու գլխումդ քաոս է դասախոսի տված հարցաշարի պատճառով։ Գլխումդ քաոս է, իսկ աշխարհու՞մ․․․
Աշխարհում քաոս չի տիրում, որովհետև մարդը դեռ օգտագործում է իր ուղեղի 3 տոկոսը։ Պատկերացնենք, որ մարդը օգտագործում է իր ուղեղի 50 տոկոսը և արթնացել է հիշողության գենը։ Դա սարսափելի է անգամ պատկերացնել, որովհետև բոլոր մարդիկ արդեն կսկեն հիշել, թե նախորդ կյանքում ո՞վ են եղել, ի՞նչ ազգի, ո՞րտեղ են ապրել, ու՞մ են սիրել և այդ ժամանակ կսկսեն փնտրել իրար։ Կսկսեն փնտրել անցյալը։ Կսկսեն լողալ ժամանակի մեջ։ Ահա սա նկատի ունեին բոլոր դարերի գիտնականները ժամանակի մեքենա ասելով։
Մարդը գնում է նրան, որ միֆը դառնա շոշափելի։ Ամենաէժան բանը մեր օրերում միֆն է։ Դա Վինչին ոչ մի առեղծված էլ չի ստեղծել։ Երևի Տիկին Լիզա Ջոկոնդայի երկրպագուներից մեկն անպատասխան մնալով սկսում է բամբասել, թե նկարում նա մի տեսակ առեղծվածային է ժպտում, երևի ուզում է գրավել տղամարդկանց այդպիսով և բամբասանքները տարածվել են ու տարածվել և վերածվել են կոդերի, միֆերի, որոնք հորինեց մարդը և փորձեց բացահայտել նրանից եկող հաջորդ մարդը։ Իսկ վերջում, ժամանակակակից մասնագիտության տեր գերմարդկանցից մեկը որոշեց իլյուստրացիա անել և կրծքերը մեծացրեց Մոնա Լիզայի, շրթունքները մեծացրեց Մոնա Լիզայի, որ առեղծվածային կինը մոդայից հետ չմնա։
Իսկ ի՞նչ կլինի, եթե մի օր Մոնա Լիզայի հոգին վերածնվի և 3050 թվականին արթնանա նրա հիշողության գենն ու ինքը սկսի փնտրել իլյուստրատորին, ով իր նկարում կրծքերն ու շրթունքները մեծացրեց, իսկ Լեոնարդո դա Վինչիի կարևորությունը կկորի, որովհետև նա էլ իր հերթին կփնտրի Մոնա Լիզային և գուցե կնստի օդային տաքսիում նրա կողքին և չի ճանաչի, որովհետև Մոնա Լիզան էլ մոդայի հետևից ընկավ վերջը։
Կպարզվի, որ տիեզերքի սև անցքերով հնարավոր է անցնել և դրանցից անդին կան մոլորակներ ու կյանքեր, որ վաղուց գիտեն մեր գոյության մասին և ծիծաղում են մեր բոլոր կանխատեսումների վրա։
Այդ ժամանակ մենք բոլորս կուզենք երկիրը տեսնել կուսական, այնպիսին ինչպիսին այն եղել է իր ստեղծման առաջին օրերին, երբ գոյության կռվի կարիքը չկար։ Մենք բոլորս կայինք այդ օրվանից սկսած և պիտի լինենք մինչև երկրի կործանումը։ Անկախ նրանից՝ տղամարդ ենք, թե կին, տեսնելու ենք երկրի կործանումը նույն աչքերով, որ տրվել էր հազարամյակներ առաջ։ Այն աչքերով ենք տեսնելու կործանումը, որ արցունքոտվում են՝ ցավից կամ երջանկությունից, որ փայլում են հաճույքից, որ վախենում են մահից կամ սիրեկանին բացահայտելուց։
Տղամարդիկ դավաճանում են կանանց։ Կանայք դավաճանում են տղամարդկանց։
Աշխարհում սուրբ կանայք չկան, այնպես ինչպես չկան սուրբ տղամարդիկ։
Մարդը գալիս է այս եզրակացությանը շատ արագ, որովհետև նույնացնում է աշխարհը մեկ մարդու հետ։ Եվ նա ճիշտ է, որովհետև աշխարհը մեկ մարդն է, ով ապրում է մի քաղաքում, որը ինչ-որ պետության մայրաքաղաքն է ասենք, այդ պետությունը գտնվում է մոլորակի վրա, մոլորակը գտնվում է տիզերքում, տիեզերքից այն կողմ դեռ բան չենք բացահայտել։ Ուրեմն բարիկադի մի ծայրին տիեզերքն է, մյուսին՝ մարդը և դեռ պարզ չէ, թե որ մեկն է մյուսին ծնունդ տալիս։
Իսկ աշխարհում ամեն ինչ գնալով վերածվում է մոդայի։ Մոդայիկ մարդիկ չեն հանդուրժի, որ իրենց աշխարհը կործանվի ինչ-որ ջրհեղեղից կամ կրակից, կամ որևէ աղետից։ Մոդայի մարդկանց մասին էլ գրքեր չեն գրվի, որովհետև աշխարհում ամեն ինչ կթվայնացվի։ Գործընթացը սկսված է արդեն։ Եվ մի պահ, երբ մարդիկ շփոթված արդեն կսկսեն օգտագործել իրենց ուղեղներն ամբողջությամբ և կփնտրեն սկիզբը, Մոնա Լիզան, չէ՜, արդեն Մոդա Լիզան ՝ մեծացրած շրթունքներով ու կրծքերով, միամիտ-միամիտ կսեղմի ստեղնաշարից մի կոճակ ու մարդկության մասին ողջ ինֆորմացիան կանհետանա մի վարկյանում։
Ահա և վերջ։ Սա կլինի մոդայիկ մարդու վախճանը, այն մարդու, որ պատկերացնում է իր կործանումը ամեն վարկյան, երբ դավաճանում է կնոջը ու գնում հանգիստ տուն ՝ հավատալով սեփական ստին, թե բարոյական է ինքը և բարոյական է իր կինը, ով ծլկում է տնից այն ժամանակ, երբ ամուսինը տանը չէ՝ խանութ իջնելու, բանջարեղեն գնելու, հարևանի կնոջ հետ բամբասելու և ի վերջո նույն հարևանի տանը մի կես ժամ անկողնում լիցքաթափվելու համար։

Comments