Մայրս նույնիսկ պատերազմում էր | Աննա Մեկունց



Աննան Արցախից է։ Պատերազմի ժամանակ կատարվածը մեծ հետք է ունեցել վերջինիս ստեղծագործությունների վրա։Պատերազմի ծնունդը նոր գիրք է, որը շուտով լույս կընծայվի։

֊Այս անգամ թեմաս հայրենասիրությունն է, հայրենիքը,-ասում է հեղինակը։

֊Գիրքս պատմում է ՀԱՅԻ ուժի և անկոտրուն ոգու մասին, նրա ապրելու իրավունքի մասին, նրա՝ կյանքը հանուն հայրենիքի զոհաբերելու մասին։ Եւ վերջապես՝ չհանձնվող տեսակի մասին։ Նախապես նշեմ, որ հորինված տողեր չկան, ամենը, ինչ որ իմ գրչի միջոցով փոխանցվել է, տեղի է ունեցել իրականության մեջ։ 

Դեռևս 2016֊ին որոշել էի ապրիլյան պատերազմից խոսել՝ մեր հերոսների անունները վառ պահելու համար։Նրանց հիշատակին էր նվիրված այս գիրքը։

Հետո կանգ առա։Չափազանց ծանր էր, թեև այդ ժամանակ քաղաքին չէին հարվածում, բայց ներսս ահավոր էր տանում ամենը։ Ու չկարողացա։ 

Հետո վերսկսեցի. հենց 2020 թվականին որոշեցի, որ՝ չէ, պիտի գրվի գիրքը։ Ես շատ պարզ հիշում եմ , սեպտեմբերի 23֊ին էի վերսկսել։ 

Ու հանկարծ՝ մի քանի օրից՝ Պատերազմ։ Նույնիսկ մտածեցի, որ սա նշան է ի վերուստ, որ ես անպայման պիտի խոսեմ Արցախից, մեր ընկած, քաջ հերոսներից։ Եւ իհարկե՝ կենդանի Մոնթեներից։ 

Որոշեցի՝ կյանքի գնով էլ, թեկուզ ռումբերի պայթյունների տակ, կգրեմ՝ մինչև վերջին Հաղթանակի լուրը տեղ կհասնի։ Ու սկսեցի գրանցել ամենը, ինչ տեսնում ու ֆիքսում էին աչքերս, լսում ականջներս, զգում հոգիս, ու նույնիսկ լռում շուրթերս։ 

Այն հարցին, թե ինչ է պատերազմն արցախցու համար, պատասխանում է.

֊Ոչ այլ ինչ, քան գոյատևման, ինքնության պահպանման պայքար։ Այն մեծ ողբերգույուն է ոչ միայն Արցախցու համար, այլև ամբողջ աշխարհի Իրական հայերի համար։ Ցանկացած ՀԱՅ գիտակցում է Արցախի կարևորությունը։ Ու կապ չունի, թե նա երկրի որ հատվածում է ապրում՝ Արցախում, Հայաստանում, թե Ռուսաստանում, կամ եվրոպական մի այլ երկրում։ Պատերազմում ենք Հայի իրավունքը պահպանելու համար, Հայի ապրելու իրավունքը, Հայի գենը, հայկականը պահպանելու համար։ Իհարկե, սա գոյատևման մի մեծ ու լայն պայքար էր՝ լի կորուստներով, ու մեծ ողբերգություններով։

Գիրքը ընթերցողներս ստանում են միայն ու միայն Նվեր։ Վաճառելու մասին խոսք անգամ չկա։ Նրանք, ովքեր սիրում են իմ գիրը, անպայման նվեր կստանան։ Ու հա՝ պարտադիր պայման է Թեյելը ինձ հետ.

Առանց դրա գիրք չեմ նվիրում։ 



Գիրքը գրվել է նկուղում։ Պատերազմի օրերին, երբ անընդհատ լսվում էին պայթյուններ, հրթիռակոծություններ կային, պատերը նկուղում դղրդում էին, ես ինձ փորձում էի հենց գրքով շեղել ու հանգստացնել։ Գիրքը գրելու ճանապարհը շատ հետաքրքիր էր իրականում։Տատիկ֊պապիկներ կային, ովքեր ինձ նյութեր էին տրամադրում 90֊ականներից, ու իրականում այնպես էր ստացվում, որ կարծես "Դե֊ժա֊վյու,, լիներ. Նույն Ապրումները, զգացողությունները, հույզերը....

Թաղընկերներս են օգնել, եղբայներս, մայրս, քեռիս, նրանք բոլորը առաջնագծում էին, տարբեր հատվածներում։ 

Մայրս նույնիսկ.... Պատերազմում էր... Պատկերացնո՞ւմ եք ապրումներս։ 

Եւ ամեն մի ընկեր, ով մեկնում էր առաջնագիծ, զանգում ու ասում էր, խնդրում էր, որ իր մասին չմոռանամ գրքիս մեջ խոսել, որ պատմեմ բոլորին։ 

Ու ես պատմում էի։ Չէի հորինում։ Նրանք գալիս էին, պատմում իրենց ապրումները, հրաժեշտ տալիս ու գնում էին նորից։ 

Հետո տեղափոխվեցի Երևան, այնտեղ ծանոթացա վիրավոր տղաների հետ, ովքեր պատմեցին ինձ թե ինչ է կատարվել մարտի դաշտում։ 

Ամենքի պատմությունը գրանցվեց գրքիս մեջ՝ մանրակրկիտ։ 

Մի խոսքով կարող եմ ասել նաև, որ Պատիվ է այս Գրքի հեղինակը կոչվելը։ Բայց սա Մեր Գիրքն է։ Այստեղ կան բազում Հեղինակներ, սա Հերոսների մի ամբողջական պատմություն է։

Նկուղում ընտանեկան ջերմություն էր տիրում։ Պատերազմը մեզ միավորեց ու դարձրեց մի մեծ ու համերաշխ, սիրով լեցուն Ընտանիք։ 

Ամեն երեկո աղոթում էինք, լինում էր, որ չէինք քնում, ու մեր հինգերորդ հարկի Ստելլա տատիկը, ում արդեն սիրել են հետևորդներս իմ պատերազմյան օրերի պատմություններից, տարբեր դեպքեր էր պատմում, որոնք ես ևս ֆիքսել էի ու գրանցել գրքիս մեջ։



Տարիքով ավելի փոքր երեխաները խաղեր էին կազմակերպում, խաղում էինք, երգում էինք, պարում էինք։ Վստահ էինք, որ պիտի հաղթենք ու կհաղթենք։ Ամեն մեկը յուրօրինակ Կերպարի միտք էր ինձ համար։Ամեն մեկին տեղ եմ տվել գրքիս սրտում, ոչ մեկին չեմ մոռացել, ինձ շատ֊շատերն էին ուժ տալիս այդ օրերին, որ գիրքս գրեմ։

Երբեմն վախից, լացից ու անհուսությունից կորցնում էի ինձ, ուժ չէր մնում գիրքս շարունակելու համար, քանի որ ամեն օր մի կարևոր ու թանկ մարդ էինք կորցնում, բայց նրանք, ովքեր նկուղում ինձ թև ու թիկունք էին, անընդհատ խնդրում ու պարտավորեցնում էին, որ ես շարունակեմ գրել և պարտադիր հավերժացնեմ բոլորին իմ գրքում։ 

Ու ես էլի գրում էի։ 

Շրջում էի թաղամասի նկուղներով, շփվում, ժպտում ու նորություններ բերում գրքիս համար։


Վերջում՝

 Ընթերցողիս խորհուրդ կտամ չկոտրվել, ուժեղ մնալ, չկորցնել հույսն ու Հավատը դեպի բարին։

Չհանձնվել ու պայքարել հայապահպանության համար, և իհարկե կյանքի ամեն մի փորձություն հաղթահարել Պատվով։


Զրուցում էինք Աննա Մեկունցի հետ։

Գրքի և նրա մասին ավելին իմանալու համար խորհուրդ է տրվում հետևել նրա էջին

ֆեյսբուքում՝ Աննա Մեկունց

ԳրաԹև։



Comments