Կունենաս սեր, երջանկություն, ցավ, տառապանք ու...նրան | Արփի Բեգինյան

 


 Կունենաս սեր, երջանկություն,  ցավ , տառապանք...ու նրան։

Կսիրես ուժգին գրքերի հերոսների նման։

Կգրես գրքեր , կպատմես նրանից, նրան մեղմ քնքշությամբ կթաքցնես գրքիդ էջերում։

Ձեզ կփորձես նմանեցնել չբացահայտված նովելի։Բայց չթողնես սերդ նովելի պես անսպասելի ու անբացատրելի՝ ավարտ ունենա։

Կգրես դանդաղ ՝ առանց շտապելու, բայց ոչ ուշացած։

Գրելիս երբ հասնես այնտեղ , ուր պիտի նկարագրես նրան, կդնես բազմակետեր , կթողնես, ամեն կարդացող իրենը պատկերի։

Կնմանեցնես ոմանց սիրո պատմությանը։Դու էլ կգրես ,թե ինչպես է ձեր սերը ծնվել մի գիշերում ալպիական մանուշակի նման։

Կնկարագրես աշունը ձեր մեջ ապրած գարնան տեսքով։

Գիրքդ հաստ կլինի ,սերդ՝ երկար ու բովանդակալից, նույնիսկ հավերժ։Բայց հավերժությունն էլ երբեմն բավական չէ սիրուդ երջանկությունը բնութագրելու համար։

Կհասնես այն էջին , ուր պիտի սպասես...Էջը թերթելով կպատմես, թե ինչ մեծ սիրով ես սպասել նրան, ծննդյանդ տոնին, Ամանորին ,գարնան գալուն...

Էջերումդ կարոտ կցանես։

Էջի ներքին հատվածում որպես հավելված կգրես գրված, բայց չուղարկված նամակներիդ մասին։

Գիրքդ թող լցվի նրա բուրմունքով։

Կգրես ,թե ինչպես են սիրածդ ֆիլմի հերոսները հաշտվում, ինչպես որ դուք...

Կգրես սիրուդ ու ցավիդ գույների մասին։

Անտարբեր կանցնես երկար սպասումների կողքով , որ չվերածվեն ճակատագրի, որովհետև ճակատագրիդ ուղին ինչքան էլ ջանաս ,չես կարող փոխել ,պիտի անցնես, որքան էլ որ այն փշոտ լինի։

Չգրես դավաճանության, ներման ,արհամարհանքի ու անտարբերության մասին ,թե չէ գիրքդ կկորցնի իր որակը։

Թող որ այս սիրուդ նովելը չունենա անսպասելի ու երջանիկ մահ ,չթողնես, որ միրհավի նման կորչի հավետ։


Արփի Բեգինյան

Comments