Էրիխ Մարիա Ռեմարկ (1898-1970) - «Հաղթական կամար»



Էրիխ Մարիա Ռեմարկ (1898-1970) - «Հաղթական կամար»

1) Կյանքում քիչ բան կա, որ իր կարևորությունը երկար է պահում։

2) Մարդը երբեք չի կարող կոփվել։ Նա կարող է շատ բաների միայն ընտելանալ։

3) Ուրիշ ի՞նչ կարող է մարդը տալ մյուսին, բացի մի քիչ ջերմությունից։ Եվ ի՞նչը կարող է դրանից ավելին լինել։


4) Երբ մարդը մեռնում է, մի տեսակ կարևոր է դառնում, իսկ երբ կենդանի է, նրանով ոչ ոք չի հետաքրքրվում։


5) Մարդն ազատ է զգում իրեն միայն այն ժամանակ, երբ այլևս չկա այն, ինչի համար ինքն ապրում էր։


6) Ամեն ինչի համար էլ կարելի է տեղ գտնել։ Աշխարհում շատ տեղ կա այդ բոլորի համար։ Միայն մարդկանց համար է, որ տեղ չկա։


7) Մեզ միշտ թվում է, թե մենք օգնեցինք մարդուն, մինչդեռ նրանից հեռանում ենք հենց այն ժամանակ, երբ նրա համար ամենածանր պահն է։


8) Ապրել նշանակում է ապրել ուրիշների համար։


9) Բարությունը մարդուն ուժ է տալիս, երբ նա դժվար է ապրում։


10) Կյանքը նկատի չի ունեցել մեզ կատարյալ դարձնել։ Ով կատարյալ է, նա պատկանում է թանգարանին։


11) Այն, ինչ մարդ փողով կարող է գլուխ բերել, շատ էժան է։


12) Մարդը մեծ է իր մտահղացումներով, սակայն թույլ է դրանք իրականացնելու մեջ։ Դրանում է և՛ մեր դժբախտությունը, և՛ հմայքը։


13) Որովհետև առանց մեր այդ երազանքների իրականությունն անտանելի կլիներ մեզ համար։


14) Մարդը կարող է նաև իրականությամբ խաբել իրեն։ Դա ավելի վտանգավոր է։


15) Ամենամեծ ու անհավատալի արկածը մեր օրերում խաղաղ ու պարզ ապրելն է։


16) Աշխարհն անխոնջ ու եռանդուն ինքնասպանության է պատրաստվում, բայց ոչ մի կերպ ինքն իրեն չի ուզում խոստովանել այդ։


17) Երջանկությունը քեզանով սկսվում է և քեզանով վերջանում։


18) Սիրել նշանակում է ցանկանալ ինչ-որ մեկի հետ ծերանալ։


19) Չէ՞ որ երկուսից մեկը միշտ մյուսին լքում է։ Խնդիրն այն է, թե ո՞վ է ավելի շուտ լքում։


20) Առանց սիրո մարդը ոչ այլ ինչ է, եթե ոչ արձակուրդում գտնվող դիակ. մի քանի տարեթիվ, պատահական անուն։


21) Երջանկությունը մեր շուրջը թափված է։ Պետք է միայն կռանալ ու վերցնել։


22) Եվ կորստից հետո նորը միշտ հանդես է գալիս յուրահատուկ ռոմանտիկական լույսի տակ։ Հին ազնիվ ինքնախաբեություն։


23) Ժամանակին մի ալիք է եղել, որը սիրել է ինչ-որ տեղ, ասենք, Կապրիի ծովածոցում գտնվող մի ժայռի։ Նա փարվել է ժայռին իր փրփուրներով և ցայտքերով, համբուրել է նրան գիշեր ու ցերեկ, գրկել է նրան իր ճերմակ ձեռքերով։ Նա հառաչել է, արտասվել ու աղերսել ժայռին, որ սա իր մոտ գնա։ Այդ ալիքը սիրել է ժայռին, անվերջ զարնվել է նրան և դանդաղ մաշել հիմքը։ Եվ ահա մի օր հիմքից արդեն քայքայված ժայռը տապալվել է և ընկել ալիքի գիրկը։

Եվ հանկարծ ժայռը չքացել է։ Այլևս չկար նա, ում հետ ալիքը խոսում էր, ում սիրում էր և ում համար թախծում էր ալիքը։ Հիմա ժայռը դարձել էր ընդամենը քարի մի բեկոր, որ սուզվել էր ծովի հատակը և մնացել այնտեղ ընկած։ Ալիքը հիասթափված ու խաբված էր զգում իրեն և շուտով իր համար մի նոր ժայռ գտավ։


24) Բայց այն, ինչ շարժուն է, ավելի է ուժեղ, քան այն, ինչ անշարժ է։


25) Սերը լճակի հայելի չէ, որի մեջ մարդ կարող է միշտ իր արտացոլանքը տեսնել, Ժոա՛ն։ Սերը մակընթացություններ ունի և տեղատվություններ։ Եվ խորտակված նավերի բեկորներ, և ջրի տակ մնացած քաղաքներ, և ծովահրեշներ, և մրրիկներ, և ոսկու արկղեր, և մարգարիտներ…Սակայն այդ մարգարիտները գտնվում են խոր հատակում։


26) Սերն այն է, երբ մարդիկ պատկանում են միմյանց։ Միմյանց են պատկանում ընդմիշտ։


27) Բարոյականությունը թույլերի հնարանքն է։


28) Տարօրինակ է, թե արնախում մարդիկ ինչքան են սիրում բարոյախոսել։


29) Սերը փչացնում է բնավորությունը։


30) Խաղաղությունը լավ է, երբ մարդ ինքը նույնպես խաղաղ է իր ներսում։


31) Իսկ չէ՞ որ ուրախանալու համար մարդ միշտ մի ուրիշի կարիքն էլ է զգում։


32) Հրաժեշտի ժամանակ ամենաճիշտ բանը գնալն է։


33) Կյանքից հրաժարվել կարելի է, դա շատ հեշտ է։ Բայց չէ՞ որ հրաժարվելով կյանքից՝ մարդ հրաժարվում է նաև վրեժից, հրաժարվում է այն ամենից, ինչ ամեն օր և ամեն ժամ ծաղրուծանակի է ենթարկվում, ինչի վրա թքում են և արհամարհում, ինչը մոտավորապես հավատ է կոչվում դեպի մարդկայնությանը և մարդկությանը։ Այդ հավատն այնուամենայնիվ ապրում է։ Ճիշտ է, ապրածդ կյանքը դատարկ է, բայց հո չես կարող այն շպրտել դատարկ փամփուշտի նման։ Այդ կյանքը դեռ պետք կգա պայքարի համար։ Երբ ժամանակը գա, նա կարող է օգտակար լինել։


34) Մարդ կյանքից շատ բան է բաց թողնում քնելու հետևանքով։


35) Ինչպե՞ս կարող է սերը կատարյալ լինել, եթե ես ամեն գիշեր կորցնում եմ քեզ աչքերս փակելիս։


36) Մարմիններն ավելի լավ գիտեն, թե իրենք ինչ են ուզում, շատ ավելի լավ, քան մեր գլուխները…


37) Դու սքանչելի ես ինչպես տղամարդու բոլոր երազանքները, բոլոր երազանքները՝ ավելացրած նաև մեկը, որը նրա մտքով չի էլ անցել։


38) Սերը հիվանդության պես մի բան է. նա լուռ և կամաց֊կամաց քայքայում է մարդու, և դա նկատելի է դառնում միայն այն ժամանակ, երբ մարդ ուզում է գլուխն ազատել այդ սիրուց, բայց ուժերը դավաճանում են իրեն։


39) Կնոջը կորցնելու ամենահեշտ ճանապարհն այն է, երբ մարդ նրան վարժեցնում է մի կյանքի, որը հետագայում ինքն ապահովել չի կարող։


40) Մարդ ինչպե՞ս կարող է որևէ բան մի ուրիշին հասկացնել առանց նրա աչքերին նայելու։


41) Հիմա ժամանակը շատ արագ է ընթանում։ Մարդ ոչ մի բանի չպետք է ընտելանա։


42) Կնոջը կամ պետք է աստվածացնել և կամ թողնել ու հեռանալ։ Միջին դրություն գոյություն չունի։


43) Տարօրինակ է, թե կինը որքան սքանչելի կարող է մնալ նույնիսկ իր ստորությունների մեջ։


44) Ամեն մարդ աշխատում է կյանքից վերցնել այն, ինչ կարող է, քանի դեռ վերջը չի եկել։


45) Երբեմն սերը նույնպես ուրախություն չի բերում։


46) Ոչ ոք չի կարող այնքան օտար լինել, որքան այն մարդը, որին մի ժամանակ սիրել ես։


47) Վերջին հաշվով՝ ամեն ինչ հանգում է ամենապրիմիտիվ կենսական պահանջների բավարարմանը։


48) Տարօրինակ է, որ մարդը կարող է մեռնել, երբ սիրում է…


49) Դու կյանք տվիր ինձ։ Ես ընդամենը մի մեռած քարի կտոր էի։ Դու եկար, և ես նորից կենդանություն ստացա…


50) Դու միշտ ինձ հետ ես եղել, անկախ նրանից՝ սիրել եմ քեզ, ատել եմ, թե անտարբեր եմ թվացել…Դրանից ոչինչ չի փոխվել, դու միշտ ինձ հետ ես եղել, միշտ եղել ես իմ մեջ։


51) Մենք երբեք ժպիտով աշխարհ չենք գալիս…


52)Մութն այնքան սև էր, որ այլևս չէր երևում նույնիսկ Հաղթական կամարը…


(Գրվել է 1946թ., 595 էջ)

Մեջբերումները պատկանում են ԳրաԹև-ի արխիվին և վերցված չեն այլ աղբյուրներից։

Comments

Post a Comment

Ի՞նչ կա քո մտքում ...