Գլուխը կորցրած մարդը | Տաթևիկ Դեբենց

 

Գլուխը կորցրած մարդը

Հնամաշ պատից կախված էին երեք լուսանկարներ, երեքն էլ` սև շրջանակով։ Գլուխը կորցրած մարդը փակեց դուռն ու դուրս գնաց։

Լուռ էր, անշտապ, դեմքին անորոշ արտահայտություն կար։ Տաբատի եզրերը կորել էին ցեխի մեջ, սրածայր կոշիկները դեռ համառորեն դիմադրում էին եղանակին, չնայած որ արդեն մաշվել էին մի քիչ։ Մազերը, որ զարմանալիորեն խնամված էին, անընդհատ տարածվում էին քամու ուղղությամբ։

Թե քանի տարեկան էր Շիլ Ալեքը, ոչ ոք չգիտեր։ Երևի ինքն էլ չգիտեր։ Ասենք` ի՞նչ պետքն էր, որ իմանար։ Նա գիտեր մի ավելի կարևոր բան. աշխարհ գալուն պես պետք է դադարել որևէ նոր բան իմանալ։ Մինչև ծնվելդ գիտես, որ կյանքը մութ է, սև ու անհետաքրքիր։ Եվ եթե անգամ այն լուսավորվում է, մեկ է, դարձյալ ոչինչ չի փոխվում։

Բայց խավարը ցրող լույսեր իրոք լինում են։

Երբ նրան տեսավ, ինքը քսան, աղջիկը հազիվ տասնինը տարեկան էր։ Նա տեղով լույս էր. խոստովանեց ինքն իրեն։ Միասին խաղալու էին մի ներկայացման մեջ, երկուսն էլ երկրորդական դերեր էին կատարելու։

-Եթե ձեռքիս ճար լիներ, դու գլխավոր հերոսուհին կլինեիր,-այդ ժամանակ հիացած ասաց Ալեքը` համոզված լինելով, որ այդ Փոքրիկ աստվածուհին մի օր պիտի անպայման խաղա իր կյանքի գլխավոր դերը։

Բայց այդ Փոքրիկ աստվածուհին պարզապես զրնգուն ծիծաղեց ու իջավ բեմից։

-Ի՞նչ ես այստեղ կանգնել,-գոռաց անծանոթն ու Ալեքին հրեց փողոցի մյուս ծայրը։

Ալեքը զարմացած նայեց այդ մարդուն, հետո ձեռքը թափ տվեց ու բացականչեց.

-Վնաս չունի՜:

Ի՞նչը վնաս չունի. մեռնե՞լը, թե՞ ապրելը, մեքենայի տա՞կ, թե՞ փողոցի մյուս ծայրն ընկնելը։ Ի՞նչը վնաս չունի։ Բայց առհասարակ այդ ի՞նչը վնաս չունի։

Անծանոթը ոտքից գլուխ զննեց Ալեքին։ Ձեռքը բարձրացրեց, խփեց նրա ուսին ու հայրաբար նայեց նրա երեսին։

-Դու ո՞վ ես։

-Կարևոր չէ։

Շիլ Ալեքը շրջվեց, որ հեռանա։ Անծանոթը բռնեց նրա թևից և դարձյալ հարցրեց։

-Շիլ Ալեքն եմ, ինձ այդպես են ասում։ Հերի՞ք է։

Տարիներ առաջ էլ, երբ մերժվեց Փոքրիկ աստվածուհու կողմից, դարձյալ նման մի հարց ստացավ. 

-Դու ո՞վ ես։

-Շիլ Ալեքը, ինձ այդպես են ասում,-ասաց ու հեռացավ։

-Ի՞նչ ես կորցրել այս փողոցներում,-մռայլ նայեց անծանոթը։

-Գլուխս։

-Գլուխը կորցրած մարդ,-մտմտաց նա,-խմել սիրո՞ւմ ես։

-Ես ասացի, որ գլուխս արդեն կորցրել եմ,-դառը ծիծաղեց,-ինձ պետք չեն ավելորդ հոգսեր մի գլխի համար, որն առանց այն էլ գոյություն չունի։

Այս անգամ արդեն անծանոթը շրջվեց, որ հեռանա։ Բայց մի բան զգաց կոկորդում ու մնաց տեղում կանգնած։

-Բացի գլխիցդ էլի ինչ-որ բան կորցրե՞լ ես։

Շիլ Ալեքը հոգնեց կանգնած մնալուց ու մոտեցավ նստարանին։

Էլի ինչ-որ բան կորցրե՞լ է։ Փոքր ժամանակ պապի նշանավոր դանակն է կորցրել։ Պապը շատ զայրացավ։ Հետո տեսողությունը կորցրեց։ Պապն էլի զայրացավ։ Մի օր էլ Ավետարանը կորցրեց։ Պապի բարկությանը չափ չկար։ Նաև իր տունը կորցրեց մեծ երկրների թղթախաղում։ Բա հետո՞։ Հետո այն Փոքրիկ աստվածուհուն էլ կորցրեց։ Պապին արդեն կորցրել էր, թե չէ այս անգամ գուցե նրա ձեռքից չպրծներ։ Վերջում գլուխը կորցրեց այդ ամենի մեջ։

-Ո'չ։

Անծանոթը մի քիչ լռեց։ Հետո մոտեցավ նրան, Շիլ Ալեքի ծոցագրպանից հանեց մի փոքրիկ նկար, որի արծաթագույն եզրը հենց սկզբից էլ լավ տեսանելի էր։ Ապա գրպանից հանեց մեկ այլ նկար և մոտեցրեց Ալեքի երեսին։

-Փոքրիկ աստվածուհի՜ն,-բացականչեց Ալեքը։

-Փոքրիկ աստվածուհին,-հաստատեց անծանոթը։

-Ինչի՞դ է պետք այս նկարը։

Անծանոթը լայն ժպտաց ու շոյեց աղջկա թղթե դեմքը։

-Նրան ողջ քաղաքը գիտի, Շի'լ Ալեք։ Այսօր էլ ներկայացում է լինելու, գլխավոր հերոսուհին է։ Պրեմիերա է, չտեսնված մի գործ։ Փոքրիկ աստվածուհուն,-շեշտեց այս երկու բառը,-ողջ քաղաքը գիտի։ Երեկ պատմեց, որ իրեն այդպես է կնքել մի դերասան։

-Մի դերասան,-կրկնեց Ալեքն ու ամեն բան հասկացավ։

-Դո'ւ, գլո'ւխդ կորցրած մարդ։ Դու գլուխդ չես կորցրել, այլ` նրան։

Այս անգամ անծանոթը երկար ծիծաղեց։ Ձեռքով դարձյալ հարվածեց նրա ուսին ու շշնջաց.

-Ես մի տոմս ավել ունեմ։ Արի ինձ հետ։ Գուցե այս անգամ մի բան ստացվի՞…

Շիլ Ալեքը տարուբերեց գլուխը։ Դառը նայեց անծանոթին։ Նրա ձեռքից վերցնելով լուսանկարը` խորը տեղավորեց ծոցագրպանում։ Շրջվեց ու հեռացավ։

Նա քայլում էր լուռ։ Նա քայլում էր անշտապ։ Նա քայլում էր մի տխուր համոզմունքով, թե իր կորցրածը գտել է արդեն ողջ քաղաքը։ Եվ նա վաղուց արդեն իր Փոքրիկ աստվածուհին չէ։

Հետո նա պատռեց լուսանկարը։ Նետեց աղբամանը։ Բարակ մատներով ուղղեց մազերը։

Գլուխը կորցրած մարդը քայլում էր փողոցում։ Բայց նրա քայլերը անորոշ չէին, այլ տանում էին տուն, ուր երբևէ վերջապես նա պիտի վերադառնար։

Տաթևիկ Դեբենց

2022

Comments

  1. Հիանալի և խորիմաստ😍

    ReplyDelete
  2. Շատ զգայական էր

    ReplyDelete
  3. Մենք բոլորս Շիլ Ալեքի կերպարն ենք էս կյանքում։ Ուղղակի ժամանակներում ու տեղերում

    ReplyDelete
  4. Շատ-շա՜տ սիրուն էր 💙

    ReplyDelete
  5. «Բայց խավարը ցրող լույսեր իրոք լինում են»։ 💗

    ReplyDelete

Post a Comment

Ի՞նչ կա քո մտքում ...